Էլմիրա Թևանյան, Sputnik Արմենիա
Շան նկատմամբ սերը՝ նորարար գաղափարի հիմք
Հավատարիմ ընկերոջը` բերանի խոռոչի հիվանդության պատճառով կորցնելու տխուր պատմությունը մոլեկուլային կենսաբան Պետրոս Դերձակյանին ստիպեց խոզանակ ստեղծել շների համար: Bristly-ին ստեղծելով՝ լոսանջելեսաբնակ Պետրոսը փորձեց հեշտացնել իր տան նոր բնակիչների կյանքը: Այժմ չորս շուն ունի, նոր սարքի միջոցով կենդանիներն ինքնուրույն են մաքրում ատամները: Բրիստլին և ատամի մածուկները ոսկորի համով են, և շունը հաճույքով մաքրում է ատամները: Ըստ ամերիկացի գիտնականների հետազոտության՝ շների 80 տոկոսը սատկում են հենց կարիեսի պատճառով: Ընդհանրապես, կենդանու ատամը լվանում են սովորական խոզանակով կամ տանում մասնագետի մոտ և թմրեցնելով մաքրում բերանի խոռոչը: Երկու տարբերակն էլ սթրես է թե՛ կենդանու, թե՛ տիրոջ համար:
Երևանցի Արտյոմն ու Սաշան խոզանակի մասին չէին լսել, բայց մեզ զրույցից հետո արդեն պատվիրել են։ Իրենց շան` երեք տարեկան սիբիրյան հասկիի ատամները շաբաթը մեկ անգամ մաքրում են սովորական խոզանակով:
«Շատ դժվար գործ է, եղբայրս բռնում է Միկիին, ես էլ խոզանակով մաքրում եմ: Շնիկը շատ է տանջվում: Լինում է, որ կծոտում է ձեռքերս»,-պատմում է Սաշան: Տղաները հայրիկի հետ տարվա մեջ մի քանի անգամ շանը տանում են ատամնաբույժի մոտ. կենդանին կարիես ունի։ Սպասում են խոզանակին. երբ կհասնի և սիրելի կենդանին կփրկվի «շան տանջանքներից»:
Շների համար նախատեսված ստարտափում Հայաստանից մասնակցությունը ցածր է ՝ 2-3 տոկոսի չափով։ Ներդրողների գերակշիռ մասը՝ 70 տոկոսը, ամերիկացիներ են, հատկապես, Վիրջինիա նահանգից:
Շների համար խոզանակը՝ միլիոն դոլարանոց ստարտափ
Դերձակյանի ստեղծած ստարտափը հայկական The Crowdfunding Formula-ի շնորհիվ հավաքել է մեկ միլիոն դոլար:
Ընդհանրապես, միջազգային շուկայում համաժողովրդական դրամահավաքի միջոցով հաջողված նախագիծ ունենալու համար մի քանի ամիս շարունակ նախապատրաստական աշխատանքներ են տարվում։ Եթե մարքեթինգը ճիշտ չկազմակերպվի, հնարավոր է, որ նախագիծն անգամ նվազագույն շեմը չհաղթահարի: Իսկ գրագետ աշխատանքի դեպքում գումարը կարող է մի քանի անգամ գերազանցել նախատեսվածից։
Շները խոսում են, պատմում ատամ մաքրելու ու ցավի մասին, ծաղիկ նվիրում ընկերուհուն ու մեքենայով հեռանում. Բրիսթլիի մարքեթինգային արշավն այսպիսի հոլովակներով է սկսվել։ Հայկական ընկերությունը խոզանակը միջազգային շուկա է հանել է կես տարվա ընթացքում:
«Սովորաբար ավելի քիչ է տևում նախապատրաստական ընթացքը, բայց այս դեպքում գործ ունենք շների հետ: Նախ ուսումնասիրել ենք շուկան, հասկացել, թե ով է հասցեատերը, ինչպես կարող ենք դիմել իրենց, կարևոր է նաև բրենդը, անունը, գովազդը: Ամեն մանրուքի վրա աշխատել ենք, որպեսզի ամբողջական և մրցունակ լինի ապրանքը: Քանի որ գլխավոր հերոսները շներն էին, հոլովակներ նկարելը շատ դժվար աշխատանք էր. ժամերով սպասում էինք մինչև շունը «խոսեր»», - պատմում է The Crowdfunding Formula-ի համահիմնադիր Գևորգ Պողոսյանը:
Մեր երկրում նախագծերի համաժողովրդական ֆինանսավորումը նոր է զարգանում։ Մասնագետների գնահատմամբ` մարդիկ դեռևս պատրաստ չեն այս ձևաչափին. աշխարհի մի ծայրում գտնվող մարդը կարող է ներդրում անել մեկ ուրիշի` բոլորովին անծանոթ մարդու հետաքրքիր նախագծում` օգնելով կենսունակ դարձնել գաղափարը։ Մեր երկրում մարդ-մարդ գործակցությունն ու նախագծերի ֆինանասավորումը սեփական գրպանից տարածված չէ և այն քիչ տոկոս ներդրողներն էլ, ովքեր ներգրավված են, անհամբեր են եկամուտը ստանալու հարցում։
«Այս գործում «եփված» մարդիկ, օրինակ` զարգացած երկրների բնակիչները հստակ գիտակցում են, որ գումար են ներդրել ինովացիայի մեջ և ուշանալու դեպքում, ոչ թե կշտամբում են, ինչպես մեզ մոտ, այլ անհանգստանում են, հարցնում` ինչով կարող են օգնել, անգամ խորհուրդներ են տալիս»,–ասում է միջազգային հարթակում արդեն մի քանի խոշոր հաղթանակ գրանցած կազմակերպության ղեկավարը:
Գևորգն ու իր ընկերներն ունեն նախագծերի ֆինանսավորման այս ուղղությունը զարգացնելու իրենց տեսլականը. հայկական հարթակ ստեղծելու կարիք չկա, պետք է լավագույն նախագծերով ու գաղափարներով դուրս գալ միջազգային շուկա և խաղալ միջազգային հարթակում(indiegogo, kingstarter):
Ի դեպ, ըստ ամենախոշոր indiegogo հարթակի` The Crowdfunding Formula-ն աշխարհում լավագույն տասնյակում է, իսկ ընկերության երկու հաջողված նախագածերը՝ «BionicGim»-ը և «Volterman»-ը, վերջերս Լաս Վեգասում անցկացված ամենախոշոր ցուցահանդեսի ժամանակ, որին մասկցում էր 4 հազար կազմակերպություն, լավագույն 20 նախագծերի մեջ էին։ Ընդհանուր առմամբ 3 տարում 100 ստարտափի են աջակցել, որոնցից վերջին 5–ի համար 8 մլն գումար են հավաքել:
Միջազգային հարթակներում արձանագրած հաջողություններից ոգևորված Գևորգն ու ընկերներն այժմ փորձում են Հայաստանում բացել միջազգային indiegogo-ի գրասենյակ, ինչը հնարավորություն կտա հայկական բոլոր ստարտափները միանգամից հանել միջազգային շուկա:
Այս պահին The Crowdfunding Formula-ն ընտրություն կատարելու փուլում է. որոշում են, թե որ ընկերությունների քրաուդֆանդինգով զբաղվեն` էլեկտրական հեծանիվ, ողնաշարի խնդիրը լուծող սարք, թե թռչող տեսախցիկներ: Ո՞րը կլինի հաջորդ միլիոնանոց ստարտափը: