«Ախպեր ջան, գործերդ ո՞նց են». ինչպես Չելյաբինսկում բնակվող ընտանիքը տեղափոխվեց Երևան

Սա կարող էր հայրենադարձության մասին պատմություն լինել, եթե Դմիտրին կամ նրա կինը` Օքսանան, հայկական արմատներ ունենային։ Այնինչ նրանք Հայաստան են տեղափոխվել բոլորովին այլ պատճառով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի — Sputnik. Մասնագիտությամբ ծրագրավորող Դմիտրի Սկրիպկինը շատ հեշտ է աշխատանք գտել Հայաստանում։ Նա Էմիրություններից և Չեռնոգորիայի փոխարեն մեր երկիր է եկել և այսօր համոզված է, որ ճիշտ ընտրություն է կատարել։ Դմիտրին այս մասին պատմել է 74.ru պարբերականին տված հարցազրույցում։

Փաշինյանի մասնակցությամբ կայացած ֆորումի գլխավոր հովանավորը ՎՏԲ-Հայաստան բանկն է

Նա ծնվել է Չելյաբինսկում։ Սկրիպկինների ընտանիքը Հայաստան է տեղափոխվել մոտ մեկ տարի առաջ։ Որոշ ժամանակ ապրել ու աշխատել է Մոսկվայում։

«Չելյաբինսկի բնապահպանական իրավիճակի պատճառով մենք մտածում էինք բնակության վայրը փոխելու մասին։ Այդ ժամանակ կինս` Օքսանան, և 9 տարեկան դուստրս` Պոլինան, արդեն առողջական որոշակի խնդիրներ ունեին։ Չեմ կարող հստակ պնդել, որ դա սմոգի (մթնոլորտի խիստ աղտոտվածությունը արդյունաբերական արտանետվածքներով. խմբ) պատճառով էր, բայց երբ մենք քաղաքից դուրս էինք գնում, նրանց ինքնազգացողությունը լավանում էր», – պատմել է Դմիտրին։

Հայաստանում, Արաբական Էմիրություններում և Չեռնոգորիայում աշխատանքի տարբերակներ ուսումնասիրելիս Դմիտրիի ընտրությունը կանգ է առել մեր երկրի վրա։ Էմիրությունները հարմար չեն առաջարկվող գումարի պատճառով, Չեռնոգորիայում աշխատանքն է դժվար, իսկ Հայաստանի դեպքում բնությունը լավն է, մարդիկ էլ ռուսերենի հետ խնդիր չունեն։

Կիբեռվրեժ. ինչպե՞ս նախկին գործատուից վրեժ լուծել և ջրից չոր դուրս գալ

«Հայաստանում կար այն ամենը, ինչ կարևոր էր մեզ համար` կենսամակարդակ, աշխատանք և դպրոց գտնելու հնարավորություն, ռուսերեն հասկացող բնակչություն և լավ բնություն։ Կլիման նույնպես ամենահարմարն է. ամռանը, իհարկե, շոգ է, բայց ձմռանը, այն ընթացքում, որ այստեղ ենք ապրում, ջերմաստիճանը -8–ից չի իջնում», – ասել է Դմիտրի Սկրիպկինը։

Փոքրիկ Պոլինան այսօր արդեն սովորում է հայկական դպրոցի ռուսական բաժնում։ Բոլոր առարկաները ռուսերեն են դասավանդում, բացի բնագիտությունից և մայրենի լեզվից։ Հիմա նրանք հայերեն են սովորում։

Դմիտրին համոզված չէ, որ ընդմիշտ կմնա Հայաստանում։ Այսօր նա աշխատում է հայկական ընկերություններից մեկում։ Նշում է, որ Երևանում զարգացած է ՏՏ ոլորտը, ծրագրավորողների համար շատ աշխատանք կա։ Նրա կինը` Օքսանան, փորձում է սեփական բիզնեսը զարգացնել, զբաղվում է մանկական տոների կազմակերպմամբ։

Չելյաբինսկից այստեղ տեղափոխված ընտանիքին հրապուրել է նաև այն հանգամանքը, որ Երևանն աշխարհի ամենաանվտանգ քաղաքներից մեկն է։

Այ քեզ բան. հեծանիվն ու սմարթֆոնն արդեն ծալվում են, բանտերն ու մեքենաները` «խելոքանում»

«Չելյաբինսկում երեկոյան ժամը 11-ից հետո զբոսնելն արդեն անվտանգ չէ։ Հատկապես Մետալուրգիական թաղամասում, որտեղ մենք էինք ապրում։ Եթե Երևանում որևէ հանցագործություն է տեղի ունենում` կողոպուտ կամ, աստված մի արասցե, սպանություն, ամբողջ քաղաքը ոտքի է կանգնում», – ասել է Սկրիպկինը։

Հետաքրքրություններ

Դմիտրին Երևանում շարունակում է Չելյաբինսկում սկսած հոբբին։ Նա վազում է։ Հայաստանի զբոսայգիներն ու պուրակները տրամադրող են։ Այստեղ նա ծանոթացել է Tri Club Yerevan–ի (եռամարտիկների շարժում) անդամների հետ, միացել նրանց և հիմա մարզվում ու միջոցառումների է մասնակցում նրանց հետ։

«Կինս նույնպես սկսեց զբաղվել վազքով և անցած տարվա աշնանը մասնակցեց երևանյան մարաթոնին։ Երևանում տարբեր մակարդակի բազմաթիվ սպորտային ակումբներ կան։ Չէի ասի, թե հայերը շատ սպորտային ժողովուրդ են, սակայն առողջ ապրելակերպը և այն ամենը, ինչ կապված է դրա հետ, նորաձև է դառնում», – ասել է Դմիտրին։

Հայաստանն ու ճանապարհորդելու համար մատչելի մյուս երկրները

Երևանում ապրելու ընթացքում Պոլինայի հազը վերացել է, Օքսանայի ալերգիան` նույնպես։ Երկրի մեկուսացված լինելու պատճառով տեխնիկան այստեղ ավելի թանկ է, քան Ռուսաստանում։ Այն ամենը, ինչ ներկրվում է, թանկ է։ Սակայն տեղական ապրանքներն ու մթերքը շատ էժան են։ Բանջարեղենի և մրգերի սեզոնին մոտավորապես 120 ռուբլով կարելի է 20-լիտրանոց դույլով տեղական ծիրան գնել։ Միրգ ու բանջարեղեն այստեղ շատ կա։

Երկրի միակ բացասական կողմն այն է, որ ծխող բնակչությունը շատ է. ծխում են առևտրի և մանկական կենտրոններում, շքամուտքերում և բնակարաններում, փողոցներում և սրճարաններում։ Նրանց դուրս չի գալիս նաև ճանապարհային երթևեկությունը։

Դմիտրիին զվարճացնում է հայերի շփման առանձնահատկությունը. կարող ես մարդուն օրը մի քանի անգամ տեսնել, բայց ամեն անգամ տեսնելիս պետք է պարտադիր հետաքրքրվես` ինչպես են գործերը։ Զվարճացնում է նաև «ախպեր ջան» արտահայտությունը, որը կիրառվում է ինչպես հարազատներին, այնպես էլ անծանոթներին դիմելիս։

Դմիտրիի ընտանիքին դուր է գալիս, որ հայերը ժպտադեմ են. Չելյաբինսկում նման բան չես տեսնի, անցորդները միմյանց չեն ժպտում։

«Մի քանի անգամ քիչ էր մնում` մոլորվեի և դիմեցի տեղացիների օգնությանը։ Ինձ պատրաստ էին նույնիսկ մինչև տուն հասցնել, տաքսի նստեցնել և վճարել իմ փոխարեն կամ իրենց տուն տանել ու կերակրել, – պատմել է Դմիտրին։

Հայկական հեղափոխությունը

2018 թվականի գարնանը Դմիտրին տեսել է Հայաստանում տեղի ունեցած «թավշյա հեղափոխությունը»։ Սկզբում փոքր–ինչ խուճապի է մատնվել, մտածել է, որ ամեն ինչ կավարտվի այնպես, ինչպես Ուկրաինայում։

Առեղծվածային բերդ ու գանձերի փողոց. Գյումրիում պարտադիր այցի վայրերի հնգյակը. լուսանկարներ

Դմիտրին համարում է, որ Հայաստանը հիանալի վայր է ճանապարհորդության համար։ Նրա խոսքով` հանգստի լավագույն վայրերից մեկը Ծաղկաձորն է, որը համալրված է բոլոր ենթակառուցվածքներով` հյուրանոցներ, ճոպանուղի։ Ամռանը բոլորը գնում են Սևանա լիճը տեսնելու։ Ճիշտ է` սառն է, բայց բոլոր հայերն այնտեղ են հանգստանամ։ Լեռնային կիրճ կա Ջերմուկում, որտեղից հանքային ջուր են ստանում։ Դիլիջան քաղաքը փոքրիկ Շվեյցարիա են անվանում։

«Ժամանակին ես լեռնային տուրիզմով էի հետաքրքրվում. Էլբրուսն եմ բարձրացել։ Այս տարի ծրագրում ենք Արագած, Արարատ կամ Վրաստանի Կազբեկ բարձրանալ։ Արարատը Հայաստանի խորհրդանիշն է, թեև հիմա Թուրքիայի տարածքում է։ Երբ մառախուղ չկա, երևում է հիասքանչ լեռը», – ասել է Դմիտրին։

Նրա կարծիքով` Երևանը միանգամայն եվրոպական քաղաք է` բազմաթիվ սրճարաններով, ռեստորաններով և ժամանցի տարաբնույթ վայրերով։ Իհարկե, այդ առումով Մոսկվայի հետ համեմատել չի կարելի, բայց Երևանն էլ Չելյաբինսկի հետ չես համեմատի։