ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի — Sputnik. Այսօր՝ փետրվարի 24-ին, հրազենի օգտագործմամբ սպանություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում:
Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com, ժամը 19:50-ի սահմաններում ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ Աբովյան-Ջրվեժ ավտոճանապարհի «Ծիրանի» ռեստորանային համալիրի հարևանությամբ գտնվող դաշտում տղամարդու դի կա:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Արման Սարգսյանը, Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության պետ, արդարադատության գնդապետ Մհեր Վարդանյանը և ոստիկանության ու քննչական մարմինների այլ աշխատակիցներ:
Տեղում են նաև փորձաքրեագետներն ու դատական բժիշկը, որի նախնական եզրակացության համաձայն, մահացածի մարմնի վրա կա հրազենային 2 վնասվածք:
Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության խումբը:
Գագիկ Շամշյանը հայտնում է, որ մահացածի մարմինն ամբողջությամբ դաջված է քրեական աշխարհի խորհրդանիշներով, ութանկյուններով (восьмиконечник):
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր-օր-ի 104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Իրավապահները պարզում են սպանվածի ինքնությունը և ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու և հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ: