Սիրիայում ԻԻՀ, ՌԴ-ի և Թուրքիայի համատեղ մարտական գործողություններ չեն նախատեսվում. Լավրով

Ռուսաստանն ու Իրանը Սիրիայի տարածքում գործում են արաբական հանրապետության լեգիտիմ կառավարության հրավերով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի –Sputnik. Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Սիրիայում Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի համատեղ մարտական գործողություններ չեն նախատեսվում, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Հայ բժիշկները Հալեպում կյանք են փրկում

Լավրովը հիշեցրել է, որ Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը Սիրիայում հրադադարի երաշխավորներ են։ Նախարարը պարզաբանել է, որ Ռուսաստանն ու Իրանը Սիրիայի տարածքում գործում են արաբական հանրապետության լեգիտիմ կառավարության հրավերով։

Թուրքիան մտահոգություն է հայտնում իր անվտանգությանը սպառնացող վտանգի վերաբերյալ, իսկ Սիրիայի կառավարությունը բողոքում է պետության տարածքում թուրքական զինվորականների ներկայության դեմ։ Այնուամենայնիվ, այն սատարել է Աստանայի ձևաչափի ստեղծմանը։ 

«Սա պրագմատիկ որոշում է, որը թույլ է տվել հասնել այն բանին, ինչը ոչ ոքի չէր հաջողվել` Սիրիայի տարածքի մեծ մասում իրական հրադադարի ապահովում, ինչպես նաև կառավարության և զինված ընդդիմության միջև անմիջական երկխոսության մեկնարկի ապահովում», – ավելացրել է նա։

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չբացառեց, որ Թուրքիան, Ռուսաստանը և Իրանը սիրիական Իդլիբում ռադիկալ խմբավորումների դեմ կարող են համատեղ գործողություններ իրականացնել։