Նասերին «ամոթանք կտա» հայ ընկերներին. «տաքսիստը» երազում է խաղալ Մանուշյանի մասին ֆիլմում

Սամի Նասերին դեռ նկարահանվում է հայերի մասին պատմող մեկ այլ ֆիլմում. Լոս Անջելեսի Little Armenia–յի մի ընտանիքի մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի –Sputnik. Սամի Նասերին, որը Լյուկ Բեսսոնի «Տաքսի» ֆիլմաշարի աստղն է, ավարտում է նկարահանումները հայերի մասին պատմող մի ֆիլմում և երազում մյուսի մասին։ Այս մասին լրագրողներին նա հայտարարեց Երևանում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ։

Հայաստան նա ժամանել է եղբոր` Բիբիի հետ, մասնակցելու Mix Fight 40 խառը մարտարվեստի մրցումներին՝ Գագիկ Ծառուկյանի հրավերով։

Նասերին «ամոթանք կտա» հայ ընկերներին. «տաքսիստը» երազում է խաղալ Մանուշյանի մասին ֆիլմում

«Մենք ազգայնամոլներ չենք, սակայն մենք կցանկանայինք, որպեսզի հաղթեն մեր հայ ընկերները։ Ճիշտ է մրցումներին մասնակցում է նաև մարզիկ Մոնակոյից, ես նաև նրան եմ երկրպագելու», – ավելացրեց Սամին։

Սամիի հայրը ալժիրցի է։ Սակայն ինքը երկրպագում է ինչպես յուրայիններին, այնպես էլ «օտարներին»։ Իր համար դա շատ տարօրինակ բառ է։

«Փարիզում ես այնպիսի թաղամասում եմ մեծացել, որտեղ շատ հայեր կային, շատ–շատ։ Ես նրանց հետ եմ մեծացել, և ես նրանց շատ եմ սիրում», – ասում է Սամին։

Ֆիլմերից մեկը, որում նա նկարահանվել է 2002 թվականին` La Mentale–ը, պատմում է սևերի, հրեաների, արաբների, գնչուների և նրանց բարեկամության մասին։

Նասերին «ամոթանք կտա» հայ ընկերներին. «տաքսիստը» երազում է խաղալ Մանուշյանի մասին ֆիլմում

Նրան որևէ բան հորինել պետք չէր կերպարը զգալու համար, բավական էր հիշել մանկությունը, նույնքան տարբեր տղաների և նրանց նույնքան բարի մայրերին։

«La Mamma». Սամի Նասերին երգել է Շառլ Ազնավուրի իր սիրած երգը. տեսանյութ

«Երբ մենք միմյանց տուն հյուր էինք գնում, զգում էինք, ինչպես էին մեր մայրերը սիրում բոլորիս, և դա ավելի էր ամրացնում մեր ընկերությունը», – ավելացրեց նա։

Այժմ նա նկարահանվում է Արտակ Իգիթյանի` «Անատոլիական պատմություն» (մյուս անվանումը` «Little Armenia») ֆիլմում, որտեղ նա հայկական ընտանիքի մի տղայի է մարմնավորում (ընտանիքի հոր դերը կխաղա հայտնի դերասան Ժերար Դարմոնը, որը հրեա–բերբերական արմատներ ունի – խմբ.)։

Ֆիլմի գաղափարը նրան հուզել էր և նա այն շատ գեղեցիկ է  համարում։ Պրոդյուսերը ֆրանսիացի դերասան Ֆաբրիս Սոպողլյանն է։ Ֆիլմի համար արդեն հովանավոր ընկերություն են գտել։

Ֆրանսիահայ ընկերներին նրանք ուզում են պատմել Հայաստանի մասին։

«Շատ հայ ընկերներ ունեմ, որոնք ոչ մի անգամ չեն եղել Հայաստանում։ Մենք նրանց կասենք. «Ահա մենք արդեն եղել ենք Հայաստանում, իսկ դուք այդպես էլ այնտեղ չեղաք»», – ժպտում է Սամին։

Նասերիի սիրված երգիչներից մեկը Շառլ Ազնավուրն է։ Ֆիլմերի առումով նա նույնպես դասական ճաշակ ունի։  Նրա մանկության սիրված դերասաններն են Ալեն Դելոնը, Բելմոնդոն, Ժան Գաբենը, ամերիկյան դերասաններից` Դե Նիրոն և Ալ Պաչինոն։

Նասերին «ամոթանք կտա» հայ ընկերներին. «տաքսիստը» երազում է խաղալ Մանուշյանի մասին ֆիլմում

Շատերի հետ նրան բախտ է վիճակվել անձամբ ծանոթանալ, իսկ Շառլ Ազնավուրի հետ` նույնիսկ մտերմանալ։ Սամին` Կատյա Ազնավուրի ամուսնու` դերասան Ժան Ռաշիդի մեծ ընկերն է։

«Հայրս շատ էր սիրում Շառլ Ազնավուրին և միացնում էր մեզ նրա երգերը։ Երբ մենք հանգստանալու էինք մեկնում, նա ավտոմեքենայի մեջ էր միացնում նրա ձայնագրությունները... Ես ներկա եմ գտնվել նրա վերջին համերգներից մեկին` Վերսալում։ Այնուհետև մենք մեկնեցինք Փարիզ ընթրելու ռեստորանում։ Ռեստորանն աշխատում էր շուրջօրյա։ Մենք ժամանեցինք երեկոյան ժամը 10-ին, իսկ դուրս եկանք գիշերվա ժամը 3-ին։ Նա ինձ անդադար պատմում էր Էդիթ Պիաֆի, Ժակ Բրելի, բոլոր այդ անկրկնելի մարդկանց մասին», – պատմում է դերասանը։

Սա հայերի մասին պատմող միակ ֆիլմը չէ, որում նա կցանկանար նկարահանվել։ Նասերի եղբայրները երազում են էկրաններին պատմել ֆրանսիական դիմադրության մասնակից Միսաք Մանուշյանի և այլ հայերի պատմությունը։ Որպես ալժիրցի փախստականի զավակներ՝ նրանք ուզում են ցուցադրել հայ միգրանտների ճակատագիրը։