ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի – Sputnik. Երևանում ցավալի դեպք է տեղի ունեցել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, այսօր` ժամը 15:10-ի սահմանում, «Սբ. Աստվածամայր» բժշկական կենտրոնից ահազանգել են, որ Երևանի 1:03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխել մի երեխայի:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Երևան քաղաքի Արարատյան փողոցի շենքերից մեկի բնակիչ, 9-ամյա Հայկ Ե.-ն է, որին մահացած վիճակում տան սենյակում հայտնաբերել է եղբայրը:
Նախնական տեղեկություններով` երեխան երկհարկանի մահճակալի վրա խաղալիս է եղել, երբ դժբախտ դեպքի հետևանքով մահացել է:
Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:
Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական: