Լևոն Տեր-Պետրոսյանը խոսել է իր և Նիկոլ Փաշինյանի հարաբերությունների մասին

ՀՀ առաջին նախագահը որոշել է խախտել սովորությունը և «սենսացիոն» լուրերին պատասխանել անձամբ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի – Sputnik. ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր Պետրոսյանը հայտարարություն է տարածել, որը վերնագրել է «Իմ և Նիկոլ Փաշինյանի հարաբերությունների մասին»։ Հայտարարությունը հրապարակվել է ilur.am կայքում։

Լևոն Տեր Պետրոսյանը նշել է` գրեթե օր չի անցնում, որ իր և Նիկոլ Փաշինյանի հարաբերությունների մասին որևէ «սենսացիոն» լուր, անհեթեթություն, ակնհայտ սուտ կամ հերյուրանք հրապարակ չնետվի։

Լևոն Տեր-Պետրոսյանը խաղի մե՞ջ մտավ. ի՞նչ է նշմարվում ՏԻՄ ընտրությունների երևակած պատկերում

«Սովորաբար ես դրանց չեմ արձագանքում և ուշադրության էլ չեմ արժանացնում։ Միայն երբեմն, լրագրողների համառությանը չդիմանալով, հերքումներով հանդես է գալիս իմ գրասենյակի մամլո քարտուղարը»,– նշել է նա։

Տեր–Պետրոսյանը նշել է, որ այս անգամ որոշել է դրանց անդրադառնալ անձամբ ոչ թե ինքնապաշտպանության, այլ բացառապես Նիկոլ Փաշինյանին շինծու մեղադրանքների թիրախ չդարձնելու նկատառումով։

«Ուստի, մանր-մունր ցնդաբանությունները մի կողմ դնելով, կարևոր եմ համարում հանրության ուշադրությունը հրավիրել միայն Փաշինյանի քաղաքական ընդդիմախոսների և նրանց սպասարկող լրատվամիջոցների կողմից տարածվող հետևյալ պնդումների վրա»,– գրել է ՀՀ առաջին նախագահը։

Այնուհետև նա հինգ կետով ներկայացրել է իր դիտարկումները, որոնք ներկայացնում ենք ստորև։

«1. Որպես աքսիոմատիկ ճշմարտություն է հրամցվում այն հորինվածքը, թե իբր Նիկոլ Փաշինյանը իմ քաղաքական հոգեզավակն է, իսկ ես՝ նրա կնքահայրը։ Կատարյալ անհեթեթություն. 90-ական թվականներից սկսած մինչև 2000-ականի կեսերը Փաշինյանը, որպես լրագրող, եղել է իմ ամենախիստ և անհաշտ քննադատներից մեկը։ 2006-ին «Այլընտրանք» նախաձեռնության հիմնադիր կազմում ընդգրկվելուց հետո նա դադարեցրել է այդ քննադատական վերաբերմունքը։ 2007-ին ընդգրկվել է 2008թ. նախագահական ընտրությունների իմ նախընտրական թիմում։ Հսկայական աշխատանք է կատարել քարոզարշավի ընթացքում, ինչը ակտիվորեն շարունակել է ընդհատակում և բանտարկության ժամանակ հրապարակած ծանրակշիռ հոդվածներով։ Նույնպիսի նվիրումով ու ջանադրությամբ մասնակցել է Հայ Ազգային Կոնգրես դաշինքի 2012թ. խորհրդարանական ընտրությունների քարոզարշավին և ընտրվել ԱԺ պատգամավոր նույնանուն խմբակցության կազմում։ 2014-ին ՀԱԿ-ԲՀԿ-Ժառանգություն համագործակցության կայացումից հետո, նա խզել է իր հարաբերությունները Կոնգրեսի հետ և վերականգնել իր քննադատական մոտեցումը իմ նկատմամբ։ Այս ամենը նշանակում է, որ միայն հիվանդ ուղեղներում կարող էր ծնվել Փաշինյանի՝ իմ քաղաքական հոգեզավակը լինելու ցնորալի գաղափարը։

ՀՅԴ–ն կառավարության ծրագրում նկատել է Լևոն Տեր–Պետրոսյանի հայտնի սկզբունքը

2. Նիկոլ Փաշինյանը, իբրև թե, ամեն երեկո զանգահարում է ինձ և խորհուրդներ հարցնում։ Նախ հիշեցնեմ, որ 2012թ. հետո ես Փաշինյանին հանդիպել եմ ընդամենը մեկ անգամ, 2018 թվականի հուլիսի 16-ին, ինչի մասին ՀՀ կառավարության մամլո ծառայությունը հանդես է եկել պաշտոնական հաղորդագրությամբ։ Դրանից հետո վարչապետի հետ ես որևէ հեռախոսազրույց կամ միջնորդների միջոցով որևէ շփում չեմ ունեցել։ Սույն թեմայի առիթով ավելորդ չեմ համարում շեշտել նաև հետևյալ երկու հանգամանքները. ա. ես ընդհանրապես խորհուրդ տալու սովորություն չունեմ, քանի որ համոզմունքս է, որ դրանից ավելի անիմաստ զբաղմունք գոյություն չունի։ Իսկ երբ խորհրդի համար որևէ մեկը ինձ է դիմում, ես բավարարվում եմ պարզապես խնդրի վերաբերյալ կարծիք հայտնելով, ոչինչ ավելի, և բ. եթե ոմանց կարծիքով Փաշինյանին հնարավոր է ուղղորդել խորհուրդներով կամ նրան ինչ-որ բան թելադրել, նրանք կամ չարաչար սխալվում են, կամ ընդհանրապես այդ մարդուն չեն ճանաչում, կամ էլ նրա մասին դատում են սեփական հակումներով։ Ես Փաշինյանից ավելի անկախ և ինքնաբավ մարդու չեմ հանդիպել։

Լևոն Տեր-Պետրոսյանը հրաժարվել է փաստաբանի օգնությունից

3. Ամենաինտենսիվ կերպով հնչեցվող բոթը, սակայն, այն պնդումն է, թե իբր Նիկոլ Փաշինյանը ինձնից որդեգրել է «տարածքներ խաղաղության դիմաց» բանաձևը և իրականացնում է Ղարաբաղի հարցի կարգավորման իմ «պարտվողական» ծրագիրը։ Միանգամից նշեմ, որ ո՛չ ես, ո՛չ Փաշինյանը երբևէ «տարածքներ խաղաղության դիմաց» բանաձևը չենք օգտագործել։ Դա բացարձակ հերյուրանք է, մոգոնված չարակամների ու ձեռնածուների կողմից։

Ինչ վերաբերում է ղարաբաղյան կարգավորման ծրագրին, ապա, ի տարբերություն ՀՀ երեք նախագահների, Փաշինյանի ծրագիրը դեռևս հայտնի չէ։ Նա առայժմ բավարարվել է միայն խնդրի վերաբերյալ որոշ սկզբունքների, մասնավորապես, Ղարաբաղի անունից բանակցելու քոչարյանա-սարգսյանական դիրքորոշումից հրաժարվելու և ԼՂՀ-ի՝ որպես լիիրավ հակամարտող կողմի երբեմնի կարգավիճակը վերականգնելու անհրաժեշտության շեշտադրմամբ։ Անհրաժեշտ է ավելացնել նաև, որ ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ ինչպիսի ծրագրով էլ Փաշինյանը հանդես գա, դա լինելու է իր սեփական ծրագիրը, ինչպես եղել է թե՛ իմ, թե՛ Քոչարյանի, և թե՛ Սարգսյանի պարագայում։ Հայաստանի յուրաքանչյուր առաջնորդ պատասխանատու է ի՛ր ծ
րագրի համար, որքան էլ այն ընդհանրություններ ունենա նախորդների ծրագրերի հետ։

4. Հայ Ազգային Կոնգրեսի ս. թ. փետրվարի 16-ի հայտարարության մեջ տեղ գտած սահմանադրության փոփոխության և կիսանախագահական կառավարման համակարգի վերականգնմանը վերաբերող առաջարկը, իբրև-թե, փորձ է փրկելու Փաշինյանի կառավարության խախուտ դիրքը և երկարաձգելու նրա իշխանությունը։ Սրանով, ըստ էության, ճիգ է թափվում

Կոնգրեսի առաջարկը դիտելու ոչ թե որպես կուսակցության սկզբունքային դիրքորոշում, այլ որպես տուրք ընթացիկ քաղաքական կոնյունկտուրային։ Ըստ այդմ, դիտավորությամբ մոռացության է մատնվում այն հանգամանքը, որ Կոնգրեսն իր բոլոր պաշտոնական ծրագրերում և հայտարարություններում մշտապես դեմ է եղել Հայաստանում խորհրդարանական կառավարման համակարգի ներդրմանը և վճռականորեն պայքարել այդ ուղղությամբ, հանրաքվեին մասնակցելով «ակտիվ Ոչ» քվեարկության կոչով։ Այսօր էլ մենք գտնում ենք, որ կառավարման խորհրդարանական համակարգը Հայաստանի առջև կանգնած ներկայիս բազմաթիվ մարտահրավերների պարագայում ուղղակի փորձանք է մեր երկրի համար, որովհետև այն մշտական ցնցումների և սահմանադրական ճգնաժամերի աղբյուր է հանդիսանում։

Լևոն Տեր–Պետրոսյանը հարցաքննվել է

Այս առումով հատկանշական է, որ նույնիսկ 1995թ. Սահմանադրության ամենաանհաշտ հակառակորդները 1998թ. իշխանափոխությունից և 1999թ. հոկտեմբերի 27-ի ողբերգությունից հետո ընդունեցին, որ այդ վտանգավոր ճգնաժամերը հաղթահարվեցին իրենց իսկ կողմից ժամանակին մերժված Սահմանադրության շնորհիվ միայն։ Զարմանալի է հատկապես Հանրապետական կուսակցության ներկայացուցիչների այսօրվա դիրքորոշումը, կապված Սահմանադրության փոփոխության Կոնգրեսի առաջարկի հետ։ Այդ մարդիկ չեն հասկացել, որ թե՛ իրենց կուսակցությունը, և թե՛ իրենց առաջնորդը անցյալ ապրիլին կործանվեցին, ավելի ճիշտ, ինքնասպանություն գործեցին հենց խորհրդարանական կառավարման ներդրման պատճառով։

Գաղտնիք չէ, որ անցումը խորհրդարանական կառավարման համակարգին ոչ թե Հանրապետականի և նրա դաշնակից կուսակցությունների սկզբունքային մոտեցման արտահայտությունն էր, այլ նախկին Սահմանադրությամբ Սերժ Սարգսյանի երրորդ անգամ ընտրվելու արգելքի հաղթահարման ձգտումը։ Գաղտնիք չէ նաև, որ այդ Սահմանադրությունը կարված էր բացառապես վերջինիս համար։ Եթե Սահմանադրությունը չփոխվեր և անցկացվեին նոր նախագահական ընտրություններ, ապա քոչարյանա-սարգսյանական վարչախմբի դեմ կուտակված համաժողովրդական ատելության մթնոլորտում, միևնույն է, նախագահ էր ընտրվելու Նիկոլ Փաշինյանը, քանի որ դա նրա աստեղային ժամն էր և գործող իշխանությունը երկրորդ «Մարտի 1» չէր կարող անել։

Այդ պարագայում 2017թ. ընտրված խորհրդարանը չորս տարի ժամանակ կունենար պահպանելու իր կազմը, ինչը նշանակում է, որ ՀՀԿ-ն և իր դաշնակից կուսակցությունները, մեծամասնություն ունենալով, լուրջ հակակշիռ կդառնային Նախագահի համար և այսօրվա լուսանցքային վիճակում չէին հայտնվի։

5. Փաշինյանի և իմ սերտ համագործակցության ապացույց է համարվում նաև այն, թե իբր կառավարությունում որոշ պաշտոնների են նշանակվում Հայ Ազգային Կոնգրեսի անդամներ։ Փույթ չէ, թե խոսքը վերաբերում է ընդամենը մեկ մարդու՝ վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանին։ Վերջինս, իր իսկ հայտարարությամբ, կասեցրել է կուսակցական գործունեությունը, ինչը բացարձակապես ավելորդ է դարձնում ՔՊ-ի և Կոնգրեսի միջև սերտ համագործակցության մասին ցանկացած խոսակցություն։ Այս կապակցությամբ ուզում եմ ամենայն հստակությամբ արձանագրել հետևյալը։ Հայ Ազգային Կոնգրեսը Նիկոլ Փաշինյանի հաղթանակի կերտմանը մասնակցություն չի ունեցել, չհաշված մեր կուսակցության մի մասի ներկայությունը նրա կազմակերպած համաժողովրդական երթերում և հանրահավաքներում։ Այնպես որ, մենք Փաշինյանի հաղթանակի «տորթից» բաժին չենք ակնկալում։ Դրա հետ մեկտեղ բազմիցս հայտարարել ենք, որ ամեն ինչով պատրաստ ենք աջակցելու ՀՀ նոր իշխանությունների՝ մեր երկրի բարգավաճմանը և զարգացմանը միտված բոլոր ջանքերին։

Լևոն Տեր-Պետրոսյանը հաջորդ կադրին է «առաջ բրթում» գլխավոր դատախազի պաշտոնում. «Իրավունք»

Ակնհայտ է, որ վերոհիշյալ և նմանատիպ այլ անհեթեթությունների, ստերի և հերյուրանքների տարածումը ղեկավարվում է ժողովրդից թալանված հսկայական ֆինանսական և մեդիա-ռեսուրսների տիրապետող մեկ կենտրոնից, որի նպատակն է ցանկացած գնով արդարադատությունից փրկել «Մարտի 1»-ի ոճրագործության գլխավոր պատասխանատուներին և, օգտվելով գործող իշխանության անխուսափելի սխալներից ու բացթողումներից, դժգոհության ալիք բարձրացնել նրա դեմ և պերմանենտ ցնցումների միջոցով տապալել այն ու վերականգնել ավազակապետական վարչակարգը, հոգ չէ, թե դրա հետևանքով կկործանվեն Ղարաբաղն էլ, Հայաստանն էլ։ Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ ազգային դավաճանություն։ Պարտված վարչախումբը, փաստորեն, պատերազմ է հայտարարել հայ ժողովրդին և նրա ընտրած իշխանությանը։ Ուստի, ժողովրդի պարտքն է ընդունել այդ մարտահրավերը և ուժգին հակահարված տալ հակապետական ուժերին»։