Թունավորումն այսուհետ վճարովի կլինի. ի՞նչ են նախագծել գործադիրում

Բնապահպանական խնդիրները, որ առաջանում են կենցաղում մարդկանց օգտագործած պոլիէթիլենային տոպրակներից, օր օրի ահագնանում են: Ամբողջական դաշտեր ու սարեր Հայաստանում ծածկված են ցելոֆանե թաղանթներով, որոնք քամու դեպքում սատանայական պար են բռնում երկնքում:
Sputnik

Շրջանառության մեջ է դրվել բնապահպանության նախարարության մշակած նախագծերի փաթեթ, որով նախատեսվում է քայլ առ քայլ հրաժարվել պոլիէթիլենային տոպրակներից ու պարկերից: Առաջին հերթին սա պետք է որ ուրախալի լուր լինի բնության պահպանության խնդիրներով գործնականում մտահոգ հայրենակիցների համար, որոնք տևական ժամանակ բարձրաձայնում էին պոլիէթիլենային կամ ինչպես հաճախ նշում ենք՝ ցելոֆանե տոպրակներից հրաժարվելու անհրաժեշտության ու կարևորության մասին:

Թե ինչ չարիք են դարձել դրանք, թերևս ամեն անգամ հատուկ մանրամասնելու կարիք չկա: Բավական է մի թեթև քամի փչի ու ցանկացած բնակավայրում խնդիրն ակնհայտ է դառնում: Չհաշված արդեն այն, որ բնաշխարհի նույնիսկ ամենից հեռավոր անկյուններում արդեն կարող ես առանց մեծ ջանքերի տեսնել ժամանակակից քաղաքակրթության այդ «հետքերը»:

Իսկ ի՞նչ է առաջարկվում բնապահպանության նախարարության ներկայացրած նախագծերով:

Էկոլոգիական սպառնալիքները Հայաստանում. ինչպիսի՞ն կլինի վաղվա օրը

Առաջինը՝ նախատեսվում է արդեն այս տարվա հուլիսի 1-ից արգելել պոլիէթիլենային տոպրակների անվճար տրամադրումը, իսկ ևս մեկ տարի անց՝ 2020-ի հուլիսի 1-ից դրանց օգտագործման համար հատուկ հարկ սահմանել: Առաջարկվում է դրանից ևս 2 տարի անց՝ 2022-ից արդեն ամբողջությամբ արգելել այդ տոպրակների ու պարկերի վաճառքը Հայաստանում:

Դժվար է միարժեքորեն նշել, թե պոլիէթիլենային տոպրակների տրամադրումը պարտադիր-վճարովի դարձնելը, ապա հատուկ հարկ սահմանելը որքանո՞վ կնպաստի դրանց օգտագործման ծավալների կրճատմանը: Օրինակ, հիմա էլ տարբեր սուպերմարկետներում նման տոպրակները վաճառվում են, միջին տարողության 1 հատ տոպրակը՝ 10 դրամով: Դա աննշան ծախս է գրեթե: Համենայն դեպս, սուպերմարկետներից օգտվող կամ վճարունակ գնորդների համար:

Բայց, հնարավոր է, երբ 1 տոպրակի գինը դառնա 50 կամ 100 դրամ, գնել-օգտագործելու ցանկությունը որոշակիորեն նվազի:

Հասկանալի է, իհարկե, որ նախագծերի վերաբերյալ դեռ մի շարք առաջարկություններ և կարծիքներ կհնչեն, որոշակի շտկումներ ու փոփոխություններ էլ կարվեն, մինչև դրանք օրենք դառնան: Առավել ևս, ինչպես նշված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ, մարտի 5-ին նախատեսվում է հանդիպում այս խնդրով շահագրգիռ բոլոր կողմերի հետ, հասկանալի է, օրենքի նախագծերի փաթեթը քննարկելու նպատակով:

Կարևոր է, որ աստիճանական մոտեցում է որդեգրված, այսինքն՝ փուլ առ փուլ է նախատեսվում դուրս մղել պոլիէթիլենային տոպրակները մեր կենցաղից, հանրագումարում՝ շրջակա միջավայրից:

Սա կարևոր է հատկապես այն տեսանկյունից, որ նման տոպրակների հայրենական արտադրողներն էլ հասցնեն վերասարքավորել իրենց ձեռնարկությունները՝ անցնելով այլ գործունեության, հնարավոր է՝ այլ նյութերից (թուղթ, կտոր) տոպրակների և պարկերի թողարկման:

Զուգահեռաբար, իհարկե, պետք է սպասել լրացուցիչ քայլերի և նախաձեռնությունների՝ նախ, շրջակա միջավայրում հայտնված պոլիէթիլենային աղբն ու թափոնը չեզոքացնելու և վերամշակելու, ինչպես նաև՝ պլաստիկե իրերից աստիճանաբար ձերբազատվելու ուղղությամբ: