Հայաստանում նոր շենքեր կկառուցեն կալանավայրերի համար. նախարար

«Գորիս» ՔԿՀ–ն ցարական Ռուսաստանի ժամանակ ձիանոց է եղել և հարմար չէ կալանավորներին պահելու համար ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի — Sputnik. Հայաստանի արդարադատության նախարարությունը նախատեսում է նոր շենքեր կառուցել քրեակատարողական մի քանի հիմնարկների համար։ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի աշխատանքային քննարկման ժամանակ այս մասին ասաց ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը։

«Նախագծերը կան, տարածքը կա։ Կարծում եմ` կներառենք կառավարության 5-ամյա ծրագրում և միջոցներ կգտնենք հին շենքերը նորերով փոխարինելու համար», – ասաց Զեյնալյանը։

Նա օրինակ բերեց «Գորիս» ՔԿՀ–ն, որը 1810 թվականին եղել է Եկատերինա թագուհու ձիանոցը, հետո վերածվել քրեակատարողական հիմնարկի։

«Նուբարաշենում» պահվող կալանավորի ինքնասպանության մանրամասները. ներկայացնում է նախարարը

Նախարարության օրակարգում է նաև «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի տեղափոխության հարցը։ Նախատեսում են տեղափոխել նաև «Կենտրոն» ՔԿՀ–ն։

Նրա խոսքով` այս պահին հենց այդ հաստատություններն են ամենախնդրահարույցները։

Հայաստանում այսօր 12 քրեակատարողական հիմնարկ է գործում։ Իշխանությունը տարիներ շարունակ փորձում է լուծել կալանավայրերի գերծանրաբեռնվածության հարցը։ ՔԿՀ–ները նաև սանիտարահիգիենիկ պայմանների հետ կապված խնդիրներ ունեն։ Իրավապաշտպանները բազմաթիվ անգամ բարձրաձայնել են այս հարցերը։