Հայաստանում ինքնասպանությունների աճ է նկատվում. ի՞նչն է պատճառը

Հոգեբանները կոչ են անում ուշադիր լինել հարազատների ու մտերիմների նկատմամբ և ուշադրություն դարձնել նրանք պահվածքի փոփոխություններին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի — Sputnik. Հայաստանում ինքնասպանությունների և ինքնասպանության փորձերի աճ է նկատվում։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ԱԻՆ հոգեբան Տիգրան Սարգսյանը։

Նրա խոսքով` 2019թ–ի հունվար–փետրվարին ընդհանուր առմամբ արձանագրվել է 100 ինքնասպանության դեպք և ինքնասպանության փորձ` 2018թ–ի նույն ժամանակաշրջանի 88 դեպքի դիմաց։

«Նուբարաշենում» պահվող կալանավորի ինքնասպանության մանրամասները. ներկայացնում է նախարարը

Ընդհանուր առմամբ 2018թ–ին արձանագրվել է ինքնասպանության 496 փորձ և 108 դեպք, ինչը 20 տոկոսով գերազանցում է 2017թ–ի ցուցանիշը։

Ամենից հաճախ կյանքին վերջ են տալիս Երևանում, ինքնասպանությունների քանակով երկրորդ և երրորդ տեղում են Շիրակի և Լոռու մարզերը։

«Ինքնասպանության դրդող հիմնական պատճառ է նշվում սոցիալ–տնտեսական ծանր վիճակը կամ անձնական հարաբերություններում ունեցած խնդիրները», – նշեց Սարգսյանը։

Նրա խոսքով` ամենից հաճախ ինքնասպանության փորձ են անում 25-40 տարեկան տղամարդիկ և կանայք, իսկ մտադրությունն իրականացնում են 40-60 տարեկանները։ Հոգեբանը դա կապում է տարիքային ճգնաժամի հետ, որը հանգեցնում է կյանքի վերաիմաստավորման։

«Նրանց թվում է, որ իրենք չեն կայացել կամ կարող էին ավելիին հասնել, ոմանք էլ չեն կարողանում ելք գտնել ստեղծված բարդ իրավիճակում», – բացատրեց նա` հավելելով, որ ինքնասպանության ամենատարածված միջոցը կախվելն է։

Ողբերգական դեպք Կապանում. 80-ամյա կինը երկտող է թողել և ինքնասպան եղել

Հոգեբան Արկադի Մեհրաբյանն էլ նշեց, որ ինքնասպանության փորձերի հիմնական մասը ցուցադրական բնույթ ունի։ Մարդիկ փորձում են բարձրաձայնել իրենց խնդիրը և լուծում ստանալ, քանի որ հասարակությունը շատ հաճախ անտեսում է օգնության կարիք ունեցող և հուսահատ մարդկանց ազդանշանները։

Մեհրաբյանը խորհուրդ տվեց ուշադրություն դարձնել մտերիմների վարքագծի կտրուկ փոփոխություններին, օրինակ` ակտիվ կենսակերպից պասիվի անցում կատարելուն, լռակյացությանը, տխուր երաժշտությամբ տարվելուն, ինչպես նաև մենակ մնալու փորձերին։

«Նրանք հաճախ են խոսում մահվան ու ինքնասպանության մասին և ուսումնասիրում ինքնասպանությունների փորձերը։ Հաճախ պատմություններ են պատմում երրորդ դեմքից։ Ուրիշներին են նվիրում են իրենց համար թանկ իրերը», – նշեց նա։

Երկու փորձագետներն էլ ինքնասպանությունների փորձերը կանխելու գործընթացում նշեցին ընտանիքի կարևորությունը, ինչպես նաև դպրոցներում սթրեսակայունությանն ու հոգեբանական կայունությանը նպաստող ծրագրերը։