ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի — Sputnik. Համաներումը չի տարածվի «Սասնա ծռերի» այն անդամների վրա, որոնց դեմ բողոք կա, ԱԺ–ում լրագրողներին ասաց արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը։
«Համաներման ակտը հավասարակշռվել է նաև տուժածների իրավունքներով, որպեսզի այդ իրավունքները չխախտվեն», – ասաց Զեյնալյանը։
Հարցին, թե տուժածների կողմից որքան բողոք պետք է լինի, որպեսզի համաներումը չտարածվի «Սասնա ծռերի» վրա, նախարարը պատասխանեց. «Մեկը բավարար է»։
«Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչում են նրանք մեղադրվում։ Այդ մասին հայտարարվել էր», – նշեց Զեյնալյանը։
2016թ-ի հուլիսի 17-ի վաղ առավոտյան «Սասնա ծռեր» խմբի անդամները բեռնատար ավտոմեքենայով ջարդել էին ոստիկանական ՊՊԾ գնդի մուտքի դարպասները, ներս մտել գնդի տարածք ու գրավել այն։ Խումբը պահանջում էր Սերժ Սարգսյանի հրաժարականն ու քաղբանտարկյալների ազատ արձակումը։ 14 օր տևած պաշարումից և մարդկային մի քանի կորուստներից հետո խմբի անդամները վայր դրեցին զենքն ու հանձնվեցին իրավապահներին։ Այդ դեպքերի ժամանակ զոհվեցին լեյտենանտ Յուրի Տեփանոսյանը, գնդապետ Արթուր Վանոյանն ու ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանը։
Փաշինյանի` իշխանության գալուց հետո խմբի անդամներին ազատ արձակեցին, սակայն նրանց գործը դեռ ուսումնասիրվում է դատարանում։
ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը (որին խումբը պատանդ էր վերցրել), հայտարարել է, որ դեմ է «Սասնա ծռերի» համաներմանը։