ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի — Sputnik. Ռուսական ներկայությունը Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում խոչընդոտում է ռազմական գործողությունների վերսկսմանը, ասաց Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ՌԴ դեսպանատանը Հայրենիքի պաշտպանի օրվա կապակցությամբ հրավիրված ընդունելության ժամանակ։
«Հայաստանի տարածքում գտնվող ռուսական 102-րդ ռազմաբազայի անձնակազմը բազմիցս հաստատել է իր առջև դրված խնդիրները լուծելու իր բարեխիղճ մոտեցումն ու բարձր ռազմական պատրաստվածությունը։ Մեկ անգամ չէ, որ ասել եմ՝ ռուսական ներկայությունը հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում կարևոր զսպող գործոն է ռազմական գործողությունների հավանական վերսկսման համար և նպաստում է տարածաշրջանում անվտանգության և իրավիճակի կայունությանը», - ասաց Տոնոյանը:
Այդ առումով նա կարևորեց Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում միասնական պաշտպանական համակարգ ստեղծելու և ՀՀ-ՌԴ Զինված ուժերի միասնական զորախմբի մասին երկկողմանի միջպետական համաձայնագրերի կարևորությունը: Դրանց կարևորությունը դժվար է գերագնահատել։ Նախարարը համոզված է, որ դրանց շնորհիվ հայ–ռուսական ներուժը տարածաշրջանում զգալիորեն աճել է։
Նա նշեց, որ փետրվարի 7-9–ին Ռուսաստան կատարած այցի ընթացքում ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ ստորագրվել են ևս մի քանի փաստաթղթեր` ուղղված նշված համաձայնագրերի դրույթների իրագործմանը։
Նրա խոսքով` երկու երկրների հարաբերություններում կարևոր ասպեկտ է դարձել մարդասիրական ոլորտում գործակցությունը։ Հայ մասնագետները մեկնել են Հալեպ` մարդասիրական առաքելություններին մասնակցելու համար։ Դրա հետ կապված` Տոնոյանը երախտագիտություն է հայտնել ՌԴ ՊՆ ղեկավարությանը հայ մասնագետներին առաքելության վայր հասցնելու հարցում ցուցաբերած համակողմանի աջակցության համար։
Հայաստանի պաշտպանության նախարարը նշեց նաև ռուս սահմանապահների ամենօրյա բարեխիղճ գործունեությունը։
«Սահմանին ծառայությունը միշտ եղել է ամենաբարդերից մեկը ինչպես խնդիրների բնույթով, այնպես էլ պայմաններով, որոնցում պետք է կատարել դրանք։ Եվ այսօր ինձ համար հաճելի է նշել, որ Հայաստանում ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության անձնակազմը, շարունակելով նախորդների բարի ավանդույթները, արժանի կերպով լուծում է իր առջև դրված խնդիրները Հայաստանի ԱԱԾ սահմանապահ զորքերի հետ միասին։ Նա հուսալի պահպանում է հայ ժողովրդի խաղաղ աշխատանքը», – նշեց նախարարը։
Տոնոյանը համոզմունք հայտնեց, որ անվտանգության ոլորտում սերտ գործակցությունը կշարունակի ամուր և արդյունավետ լինել։