ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի — Sputnik. Ռուսաստանի հայերի միությունը հրապարակել է այն հայի տեսաուղերձը, որն իբր Մոսկվայի «Նեոլիթ» սրճարանում ծեծկռտուք և հրաձգություն կազմակերպելու մեղավորն է։
Աղմկահարույց ծեծկռտուքը տեղի է ունեցել Մոսկվայի Կուրյանովսկայա 1–ին փողոցում փետրվարի 14–ի լույս 15–ի գիշերը։ Որոշ տվյալներով` դրան մասնակցել են 50-100 մարդիկ, մի կողմից` Չեչնիայի բնակիչներ, մյուս կողմից` Ադրբեջանի։ Դրանից մի քանի օր առաջ Մոսկվայում ծեծել են չեչենի, ինչն էլ վիճաբանության ենթադրյալ պատճառ է դարձել։ Քննիչները պարզում են, թե ով է եղել ծեծկռտուքի սադրիչը։
Ինչպես հաղորդում է «Կավկազսկի ուզել» պարբերականը, Տեղեկատվական նախաձեռնությունների կենտրոնի ղեկավար Ֆուադ Աբասովը սոցիալական ցանցերում տարածել է Ռուսաստանի հայազգի քաղաքացու անձնագրի լուսանկարը, նրա անձնական տվյալները` ստացված «հուսալի աղբյուրից»։ Աբասովը պնդում է, որ հայը դարձել է ադրբեջանցիների և չեչենների միջև արյունալի ծեծկռտուքի պատճառը։
Միաժամանակ, Ռուսաստանի քաղաքացին, որի անձնական տվյալները տարածվել են համացանցում և որին Աբասովը մեղադրել է ծեծկռտուքից մի քանի օր առաջ չեչենին ծեծելու մեջ, տեսաուղերձ է հրապարակել Facebook սոցիալական ցանցում։
«Ես դիմում եմ իմ համերկրացիներին, որպեսզի պարզենք այս ազգամիջյան հակամարտությունը։ Մարդկանց ցույց են տվել իմ լուսանկարը, ասել, որ ես ադրբեջանցի եմ։ Ես հայ եմ։ Ես ոչ մի կապ չունեմ դրա հետ։ Երկու կողմերն էլ իմ հաճախորդներն են։ Եկել են իմ ավտոսերվիս, ես ոչ մեկին չեմ մատնել։ Ոչ մի բան չեմ կազմակերպել։ Ոչ մի բանի ներկա չեմ եղել։ Ես երբեք չեմ ներկայացել որպես ադրբեջանցի», – ասում է տղամարդը։
Հետո տղան անցնում է հայերենի` կրկնելով նախկինում ասված խոսքերը։ Ռուսաստանի հայերի միության համանախագահ Մուշեղ Սյունին տեսանյութը հրապարակել է իր էջում և նույնպես դիմել հանրությանը։
«Հայերը ադրբեջանցիների և չեչենների միջև վիճաբանության չեն մասնակցել և ոչ մի կապ չունեն դրա հետ։ Հայերին դրա մեջ ներքաշելու և հայկական հետք գտնելու փորձերը գիտակցված են անում։ Եվս մեկ անգամ կոչ եմ անում բոլորին հետևել ՌԴ օրենսդրությանը, կոչ չանել որևէ մեկին փնտրել և պատժել ազգային պատկանելությունից ելնելով, ազգային թշնամանք և երկպառակություն չսերմանել, համացանցում չհրապարկել երրորդ անձանց անձնական տվյալները», – ասվում է տեսանյութի տակ հրապարակված հաղորդագրության մեջ:
Ռուսաստանի հայերի միությունը հայտարարություն է տարածել` հաղորդելով մինչև վերջ իրավիճակը պարզելու մտադրության մասին։
«Սիրելի ընկերներ, կապված Ֆուադ Աբասովի կողմից հայկական սփյուռքի նկատմամբ անհասկանալի սադրանքների հետ, Ռուսաստանի հայերի միությունը լիովին վերահսկողության տակ է վերցրել իրավիճակը։ Կապ ենք պահպանում նաև հայկական սփյուռքի երիտասարդության հետ», – նշվում է հաղորդագրության մեջ։
Կազմակերպությունը խոստացել է ավելի ուշ հաղորդել կատարված աշխատանքի մասին պաշտոնական էջերում։
Հիշեցնենք, որ փետրվարի 13–ին ժամը 23։00–ին դիմակավորված չեչենների խումբը ներխուժել է ադրբեջանցի Յաշար Ալիևի ռեստորան, սկսվել է հրաձգություն։ Ադրբեջանցիների կողմից վիրավորվել է մի քանի մարդ։ Շուտով վիճաբանությունը տեղափոխվել է այլ վայր։
Վիճաբանության հետևանքով մահացել է 53–ամյա ադրբեջանցի Օրուջև Ղարիբ Ալի օղլին։ Տղամարդու դին գտել են տներից մեկի բակում։