ՌԱԴԻՈ

Ալեքսանյան. «Արմեն Գևորգյանի պաշտպանական կողմը ևս պատրաստվում է վճռաբեկ բողոք ներկայացնել»

Փետրվարի 20–ին հայտնի դարձավ, որ ՀՀ գլխավոր դատախազությունը բողոք է ներկայացրել Վճռաբեկ դատարան` նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին կալանավորելու պահանջով։
Sputnik
Ալեքսանյան. «Արմեն Գևորգյանի պաշտպանական կողմը ևս պատրաստվում է վճռաբեկ բողոք ներկայացնել»

Նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը Sputnik Արմենիայի եթերում ասում է, որ ենթադրվում է, որ գլխավոր դատախազությունը բողոք է ներկայացրել այն մասով, որ համաձայն չէ, թե ընդհանուր իրավասության, և թե վերաքննիչ քրեական դատարանի կողմից Գևորգյանին առաջադրված երկու մեղադրանքների` դատարանի կողմից արձանագրված հիմնավոր կասկածի ու հիմքերի բացակայության վերաբերյալ որոշումների հետ։

Դատախազությունը պահանջում է կալանավորել Արմեն Գևորգյանին

«Գտնում եմ, որ այս մասերով գլխավոր դատախազության ներկայացրած բողոքի յուրաքանչյուր դիրքորոշումն ու հիմնավորումները լինելու են անիմաստ, քանի որ այդ մասերով դատարանները ներկայացրել են արդար դատական ակտեր»,-փաստում է Էրիկ Ալեքսանյանը։

Թե ինչ կորոշի վճռաբեկ դատարանը, փաստաբանը չի փորձում կանխատեսել, սակայն ակնկալում է արդար դատական ակտի կայացում։

«Պաշտպանական կողմը ևս պատրաստվում է վճռաբեկ բողոք ներկայացնել, քանի որ համաձայն չենք ընդհանուր իրավասության ու վերաքննիչ քրեական դատարանների այն պնդման հետ, որ առկա է հիմնավոր կասկած փողերի լվացման մեղադրանքով, և մեր բողոքի իմաստն ու հիմնավորումները կապված են հենց դրա հետ»,-նշում է Ալեքսանյանը։

Ինչ վերաբերում է 76 հատորանոց քրեական գործին, փաստաբանի խոսքով, տրամադրված 50 օրը բավական չէ, որպեսզի պաշտպանական կողմն ամբողջությամբ ծանոթանա քրգործի նյութերին։

«Նման կարճ ժամկետ տրամադրելը ընդամենը մեկ նպատակ է հետապնդում, որ պաշտպանական կողմը լիարժեք հնարավորություն չունենա պատրաստվելու և իրացնելու պաշտպանության իրավունքը»,-կարծում է Էրիկ Ալեքսանյանը։

Նրա խոսքով` սահմանված ժամկետը որևէ կերպ չի տեղավորվում ողջամտության սահմաններում։