Ամուլսարի ճակատագիրը կլուծվի. կառավարությունը փողը տվեց

Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման թույլտվությունը տրվել է օրենքի խախտմամբ, թե՞ ոչ. հարցի պատասխանը կառավարությունը խոստանում է տալ մոտակա ամիսներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի — Sputnik. Կառավարության այսօրվա նիստում որոշում ընդունվեց պետական բյուջեից գումար հատկացնել Ամուլսարի փաստաթղթերի փորձաքննության գործում ներգրավված միջազգային ընկերությանը։

Գումարը կազմում է 396 900 դոլար։ Այս մասին կառավարության նիստում հայտարարեց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը։

«Լիդիան Արմենիան» դիմում է Նիկոլ Փաշինյանին. ընկերությունը մեղադրում է Արթուր Գրիգորյանին

2018 թվականի նոյեմբերի 8-ին հարուցված քրեական գործով Քննչական կոմիտեն հայտարարել էր միջազգային մրցույթ, որին մասնակցելու հայտ էին ներկայացրել 2 միջազգային մասնագիտական ընկերություններ:

Մրցույթում հաղթող է ճանաչվել Earth link & Advanced Resources Development (ELARD) ընկերությունը, որն իր աշխատանքի դիմաց պահանջել էր 396 900 ԱՄՆ դոլար։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց, թե որքան կտևի փորձաքննությունն ու երբ հայտնի կդառնա` խախտվե՞լ է օրենքը, թե՞ ոչ։

«Մենք խնդիր էինք դրել, որ մինչև գարուն այս հարցերի պատասխաններ ունենանք։ Հիմա ի՞նչ տեմպերով ենք առաջ գնում»,– հարցրեց Փաշինյանը։

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն ասաց, որ որպես կանոն նման գործընթացները տևում են 6-8 ամիս։ «Մենք հնարավորինս սեղմել ենք ժամկետները։ ELARD–ը պատրաստակամություն է հայտնել աշխատանքներն ավարտել 3-4 ամիսների ընթացքում»,– ասաց Գրիգորյանը` հավելելով, որ մինչև մայիս փորձաքննության պատասխանը կստացվի ու կներկայացվի։

Հիշեցնենք`2018թ.–ին կառավարությունը կասկածներ հայտնեց, որ «Ամուլսարի» հանքավայրի շահագործման թույլտվությունը նախկին իշխանությունների օրոք տրվել է օրենքի խախտմամբ։ Այն տրվել է հանքշահագործող« Լիդիան Արմենիա» ընկերության ներկայացրած ՇՄԱԳ–ի հիման վրա։ ԲՆ–ը սեփական փորձաքննություն չի իրականացրել։

ՀՀ վարչապետը հայտարարեց, որ հանքի աշխատանքը կասեցվում է մինչև հարցի պատասխանը չստացվի։