Մահացել է Լուիզ Մանուկյան–Սիմոնը

Բարերար Ալեք Մանուկյանի դուստրը 85 տարեկան էր։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի – Sputnik. Փետրվարի 18-ի գիշերը 85 տարեկանում վախճանվել է ազգային մեծ բարերար Լուիզ Մանուկյան-Սիմոնը։ Այս մասին հայտնում է ՌԱԿ Կենտրոնական վարչությունը` հղում անելով Մանուկյան-Սիմոն հիմնադրամին։

Թուրքական յաթաղանից փրկվելով` նրանք հայտնվեցին համաշխարհային պատմության էջերում

«Մեծ մարդասեր, ստեղծագործ մտքի տեր, իր ժողովրդի նվիրյալ գործիչ և խիստ բնավորության մեջ ազնվագույն և գերզգայուն սրտի տեր մի անձնավորություն, որը մեր ժողովրդի մի ողջ ժամանակաշրջանի ամենահայտնի նվիրյալներից է եղել։ Նա եղել է Հայոց հայրենիքին պատուհասած աղետալի երկրաշարժից տուժածներին համահայկական օգնության գործի գլխավոր նախաձեռնողներից ու կազմակերպիչներից, ավելին՝ խորհրդանիշներից մեկը։ Թիկունք է կանգնել նորանկախ Հայաստանի կայացմանը, Մայր աթոռ Սբ. Էջմիածնի հզորացմանը¸ Հայաստանում կրթության գործի, առաջին հերթին՝ Երևանի Ամերիկյան համալսարանի հիմնադրման գործին»,– նշված է հաղորդագրության մեջ։

Մանուկյան-Սիմոնը ոչ միայն անձնապես բարերարել է հայրենահայության և սփյուռքահայության կրթամշակութային մեծագույն ձեռնարկումները, այլև օրինակ և խթան է հանդիսացել բազմաթիվ բարերարությունների, իրականացրել է բազմաթիվ ծրագրեր թե՛ Հայաստանի Հանրապետությունում, թե՛ Արցախում, թե՛ Սփյուռքում։

Նա երեք զավակ ուներ, երկու թոռ։