ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի — Sputnik, Նանա Մարտիրոսյան. Եկատերինբուրգում երեք երեխայի կյանք փրկած Գևորգ Ավետիսյանին կնոջ և երեխաների հետ վռնդել են փողոց։ Այդ մասին Ավետիսյանը հայտնեց Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում։
Հունվարի վերջին Ավետիսյանը վառվող տնից փրկել էր երեք երեխաների Եկատերինբուրգի Ցիգանսկի ավանում։ Քաղաքային իշխանությունները նրան պատվոգրով և կրակմարիչով էին պարգևատրել։
Ավետիսյանը կնոջ` Տատյանայի հետ, ապրել է երկսենյականոց տանը, որը պատկանել է պապից կնոջը մնացած ձեռնարկությանը։ Ընտանիքը վերանորոգում է արել, ծախսել ավելի քան 300 հազար ռուբլի (4400 դոլար), կարգի բերել տունը, սակայն վերջերս զանգ է ստացել դատական կատարածուներից` տունը լքելու պահանջով։
Ինչպես պարզվել է, հարևանները և համատեղությամբ ազգականները բողոքել են բազմազավակ ընտանիքից` պահանջելով նրանց վտարել։ Քանի որ բնակարանը մասնավորեցված չէ, իսկ շենքը վթարային է համարվում, դատարանը որոշել է քանդել շինությունը։
«Կինս 27 տարի ապրել է այնտեղ և չի իմացել այդ մասին։ Մենք բողոքարկել ենք որոշումը, սակայն շրջանային դատարանը որոշել է մեզ վտարել, թեև մենք կարող էինք ապրել այդ տանը, չէ որ մենք բազմազավակ ընտանիք ենք, և դա մեր տունն է։ Սա անարդար է», – ասաց Գևորգը։
Նրա խոսքով` ընտանիքը գրանցված է ազգականուհու բնակարանում, որտեղ նա իր հերթին ապրում է ընտանիքի հետ։ Նրանք միասին, բնականաբար, չեն կարող ապրել 30 քմ տարածքով բնակարանում։
Ավետիսյանների ընտանիքը ժամանակավորապես բնակարան է վարձել, թեև այսպես երկար շարունակվել չի կարող. Տատյանան հղիության արձակուրդում է, իսկ Գևորգը առողջական վիճակի պատճառով մի քանի ամիս է չի աշխատում։ Նա Ռուսաստանի քաղաքացի չէ, բայց հույս ունի մինչև տարեվերջ քաղաքացիություն ստանալ։
Ավետիսյանը պատմում է, որ տարբեր պաշտոնյաներ խորհուրդ են տվել Տատյանային ամուսնալուծվել, քանի որ նրան` որպես միայնակ բազմազավակ մոր (նրանք հինգ երեխա ունեն) ավելի հեշտ կլինի հերթ կանգնել` հողատարածք ստանալու համար։ Գևորգի համար դա շատ վիրավորական է։
«Ես անվադողերի արհեստանոց ունեմ, ես վճարել եմ հարկերը, բայց հիմա ինձ այնտեղից էլ են վտարում։ Ես չեմ հասկանում, թե ինչ անեմ և ինչու է հանկարծ ամեն ինչ այսպես դասավորվել։ Մեծ հարց է, թե ինչպես եմ կերակրելու ընտանիքս», – ասում է նա։
Բայց այս անելանելիության մեջ եղել են նաև հաճելի պահեր։ Երեխաների ծնողները, որոնց Գևորգը փրկել է վառվող տարածքից, ընկերացել են նրա և իր ընտանիքի հետ։ Նրանք հաճախ են հանդիպում և նույնիսկ, երբեմն, միասին են նշում տոները։ Փրկված երեխաները տարբեր ընտանիքներից են և հիմա կարելի է ասել, որ Ավետիսյանները նոր ազգականներ ունեն։
30–ամյա Ավետիսյանն իր հերոսական արարքը կատարել է հունվարի վերջին։ Գևորգը մեքենայով անցնելիս է եղել Դեպուտատսկի փողոցի 53-րդ տան մոտով։ Նա տեսել է ծուխը, կանգնեցրել ավտոմեքենան և շտապել տան կողմ։ Տեսել է, որ պատուհանից ինչ-որ մեկը թափահարում է ձեռքերը։ Նա կոտրել է պատուհանը և սկսել է դուրս բերել երեխաներին։ 12 տարեկան երկու աղջիկներն ու 10 տարեկան տղան փրկվել են, ոչ ոք չի տուժել։ Համոզվելով, որ տանն այլևս մարդ չկա, Գևորգը երեխաներին հանձնել է հարևանուհուն։