Փետրվարի 20-ն է…ու ի՞նչ

Փետրվարի 20-ը նշանակալի օր է: Առնվազն իմ սերնդակիցներից շատերի համար: Եթե ասեի՝ ամբողջ ազգի համար, գուցե տարբեր հայրենակիցներ արձագանքեին, թե չափազանցնում եմ:
Sputnik

Արցախի պաշտոնական տոնացույցում փետրվարի 20-ը առանձնացված է որպես Արցախի վերածննդի օր: Արցախի նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ հղեց: ԼՂՀ առաջին ու ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ օրվա առթիվ արած հայտարարությունը տարածվեց լրատվամիջոցներով: Ու…

Օրվա կեսն անցել էր, բայց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի պաշտոնական կայքում փետրվարի 20-ի վերաբերյալ ոչինչ չգտա: Նույնը, ցավոք, ԱԺ պաշտոնական կայքում, և նույնը`վարչապետ Նիկոլ Փաշինյանի կայքի դեպքում: Համենայն դեպս, այս հրապարակումը պատրաստելու պահին (15:00-15:30-ի միջակայք) դեռ ոչ մի՝ օրվա նշանակությանն ու խորհրդին համահունչ «թարմացում» նշված պետական այրերի և խորհրդարանի պաշտոնական կայքերում չկար: Ընթացքում, գուցե, համապատասխան պատասխանատուները հիշեն:

Ղարաբաղյան շարժումը փրկել է 100 հազարավոր կյանքեր.նախագահը շնորհավորել է շարժման 30-ամյակը

Իսկ գուցե համարվում է, որ փետրվարի 20-ը միայն Արցախի՞ համար է տոնական՝ Վերածննդի օր: Իսկ այդ երբվանի՞ց է մեր ընկալման մեջ Արցախն առանձին:

Հա, Հայաստանի Հանրապետության պաշտոնական տոնացույցում փետրվարի 20-ը առանձնացված չէ: Կարմիրով կամ եռագույնով հատուկ նշված չէ, այո:

Ավելին, հայտնի է, որ առաջին ցույցերն էլ ավելի վաղ են եղել, որ մի քիչ էլ հիշողություններս «փորփրենք», այդ առաջին ցույցեր ասվածի մի մասն ընդհանրապես բնապահպանական հնչեղություն ուներ: Բա՛յց:

Բայց փետրվարի 20-ը շրջադարձային էր: Ու շրջադարձ: Այդ օրն արդեն հանրահավաքն այն ահագնությունն ու թափն արտացոլեց, որ այլևս անհնար էր չտեսնելու տալ, որ այլևս անհնար էր չհասկանալ, թե ինչ է կատարվում:

Այո, 1988-ի փետրվարի 20-ը շրջադարձային կետն էր, կարծում եմ:

Եվ այդ կետից սկսված են շատերը հաշվում այն, ինչը կոչվում է ազգային նոր զարթոնք:

Դա մեկնակետն է շատ-շատերի ընկալմամբ Արցախի ազգային-ազատագրական պայքարի, վերամիավորման պայքարի մեկնակետը, ինքնության վերահաստատման և ազգային ինքնագիտակցության մի նոր զարթոնքի մեկնակետը: Արցախյան շարժման՝ համաժողովրդական բնույթ ստանալու մեկնակետը, վերջապես:

Նայում ես 88-ի լուսանկարներին` ծանոթ ու հարազատ: Նայում ես 31 տարի անց օրվա լրահոսին… մեկ-երկու շնորհավորանք, մեկ-երկու ուղերձ ու՝ վերջ:

Չգիտեմ, թե ով, երբ ու ինչպես կարձագանքի, բայց ինքս իմ անունից ուզում եմ սրտանց շնորհավորել բոլոր իմ այն հայրենակիցներին, ում համար փետրվարի 20-ը նշանակալի օր է՝ 1988-ից ի վեր: Շնորհավորում եմ ու նաև խոնարհվում այս պայքարի բովում իրենց կյանքը դրած նվիրյալների հիշատակին: