Հերթեր այլևս չեն լինի՞. Հայաստանում կհեշտացնեն ավտոմեքենաների գրանցման գործընթացը

Օսիպյանը հանձնարարել է առավելագույնս նվազեցնել Ճանապարհային ոստիկանության գրանցման-քննական ստորաբաժանումների հերթերը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի – Sputnik. ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հանձնարարությամբ համակարգված աշխատանքներ են սկսվել Ճանապարհային ոստիկանության գրանցման-քննական ստորաբաժանումներում օրվա մեջ որոշակի ժամերին առաջացող հերթերն առավելագույնս նվազեցնելու ուղղությամբ: Facebook սոցիալական ցանցում այս մասին գրել է ՀՀ ոստիկանապետի տեղակալ Հովհաննես Քոչարյանը։

Ռուսաստանում հայկական վարորդական իրավունքի խնդիրներն ամբողջությամբ կլուծվեն. պատգամավոր

Հերթերը պայմանավորված են Հայաստան ներկրվող տրանսպորտային միջոցների աննախադեպ աճով: Ոստիկանությունը ՀՀ կառավարության քննարկմանը կներկայացնի մեկ իրավաստեղծ և մեկ կազմակերպչական բնույթի առաջարկություն: Առաջարկվելու է՝

1. այն դեպքերում, երբ տրանսպորտային միջոցի տվյալներն առկա են գրանցման-քննական ստորաբաժանման էլեկտրոնային ռեգիստրում, ապա տրանսպորտային միջոցի հաշվառման գործողություններն իրականացնել առանց տրանսպորտային միջոցը ստորաբաժանում ներկայացնելու պահանջ քաղաքացուն ներկայացնելու.

2. ծրագրային -տեխնիկական հնարավորություն ստեղծել գործարքի կողմերի համար գործարքն իրականացնել համացանցում՝ առանց ճանապարհային ոստիկանություն ներկայանալու: Համապատասխան օրինագիծը ուղարկվել է կառավարություն, ծրագրային աշխատանքներն ընթանում են:

Քոչարյանը նաև տեղեկացնում է, որ հունվարի 29-ից Ճանապարհային ոստիկանությունում գործարկվել է տրանսպորտային միջոցների գրանցման-հաշվառման և վարորդական վկայականների հատկացման նոր սերվերային համակարգ, որը գործարքների արագությունն ավելացրել է մոտ 35 անգամ: Սրա շնորհիվ օրվա մեջ 15-00-ից հետո հերթեր չկան։