Արցախի անկախության պայքարի կարևորությունը համեմատելի չէ ՀՀ որևէ իրադարձության հետ

Քաղաքագետ, ԵՊՀ Քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի դոցենտ Ալեն Ղևոնդյանն անդրադարձել է Արցախյան ազատամարտի կարևորությանը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի — Sputnik. Արցախի անկախության պայքարի կարևորությունը համեմատելի չէ վերջին 28 տարում ՀՀ-ում տեղի ունեցած որևէ իրադարձության հետ:

1988 թվականի փետրվարի 20-ը հայոց ազգային վերազարթոնքի մի բացառիկ օրինակ էր. Փաշինյան

Այս մասին Facebook-ի իր էջում գրել է քաղաքագետ ԵՊՀ Քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի դոցենտ Ալեն Ղևոնդյանը:

«Սա չցեղասպանվելու հիմքով անկախություն և ինքնիշխանություն ձեռք բերելու ճշմարիտ ու հիմնավոր ուղի էր, որի հաջող ընթացքը մյուս կողմից կարողացավ իր վրա վերցնել ՀՀ-ի վրա հնարավոր հարձակման առաջին հարվածը: Ոչ միան վերցրեց, այլև կարողացավ այն ժամանակավորապես չեզոքացնել»,- շեշտել է Ղևոնդյանը:

Նա արձանագրել է, որ Արցախը զիջելու պարագայում մենք կզիջենք Հայաստանի Հանրապետությունը: «Սա պաթոս, հայրենասիրական զեղում, ազգայնական կոչ, զգայական հայտարարություն չէ, այլ չոր պրագմատիզմ»,- պնդում է քաղաքագետը:

Գրառման հետգրության մեջ Ալեն Ղևոնդյանը ֆիքսում է, որ նախկինում չէր մտածի, թե նման տեքստի կարիք կլինի, քանզի կարծել է, որ ամեն բան պարզ է ու հասկանալի. փաստորեն դեռ պետք է բացատրել Արցախի կարևորությունը ՀՀ ազգային անվտանգության ու հայ ազգի գոյապահպանման համար, եզրափակել է նա: