Սկանդալ է հասունանում լեռնահանքային կոմբինատում. աշխատակցին անօրինակա՞ն են ազատել

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նախկին աշխատակիցը կարծում է, որ իրեն աշխատանքից ազատել են ձեռնարկությունում ու քաղաքում բնապահպանական իրավիճակի մասին կտրուկ արտահայտությունների համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի — Sputnik. Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն անօրինական կերպով գործից ազատել է ինժեներ Ռաֆիկ Խաչատրյանին։

Տիգրան Ավինյանն ընդունել է Ալավերդու պղնձաձուլարանի աշխատակիցներին

Այս մասին այսօր լրագրողներին ասաց Խաչատրյանի փաստաբան Մհեր Բադալյանը։

Իրավաբանը նշեց, որ Խաչատրյանին գործից հանել են, երբ նա արձակուրդ եկած որդուն տարել է զորամաս։

«Խաչատրյանը սահմանված կարգով այդ օրը իր հաշվին արձակուրդ է խնդրել։ Սակայն կոմբինատում իր բացակայություն օգտագործել են որպես գործից ազատելու համար լավ առիթ», – ասաց Բադալյանը։

Խաչատրյանն իր հերթին պատմեց, որ մի քանի անգամ կտրուկ արտահայտվել էր կոմբինատում ու քաղաքում առկա բնապահպանական իրավիճակի մասին։ Այդ է պատճառը, որ կոմբինատի տնօրինությունը նրան գործից ազատելու առիթ էր փնտրում։

«Նրանք ուզում էին ազատվել ինձանից, ու դա նրանց հաջողվեց», – ասաց նա։

Իսկ կոմբինատից ասացին, որ Խաչատրյանին ազատել էին աշխատանքից 2016 թվականի նոյեմբերին կարգապահությունը խախտելու համար, այդ թվում` ենթակաների նկատմամբ ուժ կիրառելու համար։

Ինչպես լեռնեցիներն ընտելացրին քամուն. Սյունիքի սարերում ծվարած էլեկտրակայանն ու «հին մոգը»

«Գտնում ենք, որ նման գործելակերպով բանախոսների կողմից փորձ է արվում շեղել ուշադրությունը Ռ. Խաչատրյանի՝աշխատանքից ազատվման իրական պատճառներից՝ նրան ներկայացնելով որպես բնապահպանական խնդիրներով մտահոգված և գործատուի կողմից անարդարացի վերաբերմունքի արժանացած անձի: Նշվածի վառ ապացույց է հանդիսանում նաև այն, որ Ռ.Խաչատրյանն աշխատանքից ազատվել է իր կողմից հիշատակված դեպքերից ավելի քան մեկ տարի անց, իսկ նրա որդին 2018 թվականի սեպտեմբերին աշխատանքի է ընդունել «ԶՊՄԿ» ՓԲ ընկերությունում: Անընդունելի ենք համարում դատական քննության ընթացքում գտնվող վեճի փաստական հանգամանքների հրապարակային և խեղաթյուրված ներկայացնելը, ինչը, կարծում ենք,  նպատակ է հետապնդում ճնշում գործադրել դատարանի վրա»,  – նշվում է  կոմբինատի գրավոր մեկնաբանության մեջ։

Դատարանը շարունակում է  քննել գործը։

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը Հայաստանի խոշորագույն հարկատուներից է։ Ընկերությունը շահագործում է Քաջարանի պղնձի ու մոլիբդենի հանքավայրը ու դրանց մետաղների հանքային կոնցենտրատներ է արտադրում։ Դրանք մասամբ մշակվում են Հայաստանում, իսկ զգալի մասը արտասահման է արտահանվում։