Մեծական մի դիպուկ, դարերի խորքից եկած մի համակիրառելի դիտարկում կա: Ասում է՝ աղվեսի վրայից հոտ է գալիս, բույնն է փոխում:
Հիմա մերն է՝ հենց պետականության կոշիկը մի փոքր ոտքներս սեղմում է, պատկերավոր ասած, բերաններս բացվում է, ու թե՝ սահմանադրական փոփոխություններ են անհրաժեշտ: Առանց դրա, համոզում են ասողները, պետականության մեքենան չի գործարկվի այնպես, որ բոլորի սրտով լինի:
Պատկերավոր զուգահեռումներ շատ կարելի է անել, բայց շատ չշեղվենք:
Սահմանադրությունը մի հատ էլ փոխելու կամ սահմանադրական փոփոխություններ անելու մշտական թեման ներքաղաքական խոսքուզրույցում վերաբացվեց Տեր-Պետրոսյանի ՀԱԿ-ի թեթև ձեռքով ու կառավարման կիսանախագահական մոդելին վերադառնալու մտահղացմամբ:
Քննարկումը թեժացավ, այնպես, որ ԱԺ նախագահ, «Իմ քայլը» դաշինքի առաջնորդներից Արարատ Միրզոյանն էլ խառնվեց խոսքուզրույցին. «Ես կարծում եմ, որ պետք է առաջ գնալ, մենք ունենք հիմա խորհրդարանական համակարգ և պետք է ամեն ինչ անենք այդ համակարգի կայացման համար: Սահմանադրական փոփոխություններ հնարավոր են, թեև կարծում եմ, որ ոչ այդպիսի մասշտաբային փոփոխություններ, որ երկիրը խորհրդարանականից վերադարձնենք կիսանախագահական: Մեր օրակարգում սահմանադրական փոփոխություն կա: Շրջանակն առայժմ հստակեցվում է»:
Դե, մինչ շրջանակը հստակեցնեն, վերադառնանք «խորհրդարանական, թե՞ կիսանախագահական» կամ էլ մեկ այլ մոդել հարցադրմանը: Մանավանդ, որ սահմանադրական փոփոխության շրջանակի հստակեցման պահը թույլ է տալիս ենթադրել, որ հիշյալ՝ առանցքում դրվող հարցը ամենևին էլ օրակարգից հանված չէ ու դեռ կարծարծվի: Վերջին հաշվով, այնպես չէ, թե ԱԺ նախագահն ասաց, ուրեմն վե՛րջ:
Առհասարակ, կառավարման այս կամ այն մոդելը, տվյալ պարագայում՝ նախագահական-կիսանախագահական-խորհրդարանական, եթե ունի էլ որոշակի ազդեցություն հասարակական-քաղաքական, ամենից կարևորը՝ սոցիալ-տնտեսական վիճակի վրա, ապա համարձակվենք պնդել՝ ոչ մեծ ու ոչ ուղղակի է այդ ազդեցությունը:
Հասկանալի է, օրինակ, կիսանախագահական կառավարման ձևի կողմնակիցները կշարունակեն պնդել, թե նման վերադարձը կամ հետդարձը միարժեքորեն հիմնավորված քայլ կլինի: Սակայն խորհրդարանականի կողմնակիցներն էլ կպնդեն, և արդեն ասողներ կան, որ դա հետընթաց քայլ կլինի: Եթե իրենց թողնես, կարող են մի փակ սենյակում դրա շուրջ վիճել մինչև ժամանակների ավարտը:
Բայց եկեք մի փոքր ավելի խորքը նայենք՝ հիմնվելով դիտարկվող ու մեզ շրջապատող իրողությունների վրա:
Կառավարման այդ բոլոր մոդելները մեր ժողովուրդը վերջին 101 տարում իր մաշկի վրա, ինչպես ասվում է, զգացել է: Առաջին Հանրապետությունը, ինչպես հայտնի է, խորհրդարանական կառավարման ձևն ուներ: Խորհրդային Հայաստանը, գոնե ձևական առումով, էլի խորհրդարանական կառավարման մոդելով էր: Անկախության վերականգնումից անմիջապես հետո` 1991-ին, Հայաստանը անցավ հստակ նախագահական կառավարման մոդելի՝ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ:
Արդեն 1995-ին համարվեց, որ հանրաքվեով ընդունվեց Սահմանադրությունը, որ մեծ հաշվով ամրագրում էր այդ՝ մեծապես նախագահական մոդելը: Դա ոչ այնքան կիսանախագահական էր, որքան երկու երրորդով նախագահական:
Հետագայում 2005-ին էլի համարվեց, որ հանրաքվեով սահմանադրական փոփոխություններն ընդունվել են, ու Հայաստանն անցավ կիսանախագահական կառավարման մոդելի՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ:
Եվ տակավին վերջերս, արդեն Սերժ Սարգսյանի նախագահության օրոք, 2015-ին էլի հանրաքվեով համարվեց, որ սահմանադրական փոփոխություններն ընդունվեցին, ու անցանք խորհրդարանական կառավարման ձևին:
Որ ժամանակագրությանը նայում ես, ակամայից ուզում ես ենթադրել, որ հաջորդ սահմանադրական հանրաքվեն 2025-ին կլինի, դրանից 3 տարի անց այդ հանրաքվեն նախաձեռնած պետության ղեկավարի փոփոխությամբ:
Բայց հետաքրքիր է այլ բան: Կոնկրետ այն, որ եթե խորհրդարանական կառավարման ձևի դեպքում մեծամասնության առաջնորդը, պետության ղեկավար-վարչապետի պաշտոնը ստանձնելով, օժտվում է ըստ էության անսահմանափակ իշխանությամբ (դրան հաճախ նաև սուպերվարչապետություն են ասում), նա չի կարող խուսափել ուղիղ քաղաքական պատասխանատվությունից, չի կարող քողարկել, որ հիմնական պատասխանատվությունն ինքն է կրում:
Իսկ այ կիսանախագահականի դեպքում (թեթևակի վերհիշեք ոչ վաղուցվա կամ թեկուզ վաղուցվա անցյալը), երբ էլի պետության ղեկավար-նախագահն օժտված է գրեթե անսահմանափակ իշխանությամբ, նա ցանկացած, հատկապես՝ տնտեսական ու սոցիալական ձախողումների համար ձեռքի տակ միշտ ունի հարմար քավության նոխազ՝ ի դեմս վարչապետի: Միայն հիշեք, թե անցած 30 տարիներին քանի անգամ են նախագահները պաշտոնանկ արել ամենատարբեր վարչապետների՝ մեղմելով աճող հանրային դժգոհությունները, միաժամանակ ու միառժամանակ խոսափելով անմիջական պատասխանատվություն կրելուց:
Բացի այդ, կիսանախագահական կառավարման մոդելի դեպքում աստիճանաբար ձևավորվում է հարաբերականորեն կայուն քաղաքական դաշտ կամ այնպիսի դասավորվածություն, որ արտաքուստ ժողովրդավարական շղարշով պարուրված, կարող է վերարտադրվել: Կա տեսակետ, որ ի հակառակ դրա, խորհրդարանական կառավարման մոդելը ինքնըստինքյան ենթադրում է կառավարման առավել ժողովրդավարական ինստիտուտների ներդրման իրական հնարավորություն, ինչն էլ մեծացնում է իշխանությունների հաշվետվողականության ու ընտրություններով նրանց փոփոխելու հնարավորությունները:
Բայց այս ամենի համար անհրաժեշտ է, որ երկրում քաղաքական դաշտը, քաղաքական համակարգը, քաղաքական ուժերը կայացած լինեն: Մեր իրականության մեջ քաղաքական դաշտն ու համակարգը կարծես պերմանենտ սաղմնային վիճակում են: Փլուզվում են ու վերաձևվում, մի քանի կուսակցություն ստեղծվում է, հետո վերանում, հետո նորերն են ստեղծվում, մի քանի տարի անց անհետանում, հետո՝ նույնը: Հիմա էլ օրումեջ մեկ այլ նոր կուսակցություն ստեղծելու մասին լուրեր ենք լսում:
Առհասարակ, եթե քաղաքական համակարգը կայացած է, հետին պլան է մղվում կառավարման մոդելի (ձևի) հարցը: Ցանկացած դեպքում, սրանք առավելապես տեսական բնույթի դատողություններ են:
Գործնական իրողություններն ավելի գունագեղ են:
Գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանը և թիմակիցները, ինչպես հայտնի է, ժամանակին, երբ ընդդիմություն էին, քննադատում էին վերջին սահմանադրական վերաձևումները` շեշտելով, որ կոստյումը կարված է նախկին նախագահ Սերժ Սարգսյանի հագով, որպես սուպերվարչապետական:
Սերժ Սարգսյանը այդ «կոստյումը» ըստ էության չհասցրեց հագնել:
Իշխանության եկավ Նիկոլ Փաշինյանը: Անմիջականորեն տնտղեց ու շոշափեց սուպերվարչապետական «կոստյումը»՝ դարձածալերով հանդերձ, ու, կարծեք, շատ հավեսով էլ կրում է այն:
Էլի դառնանք տեսական դիտարկումներին: Անձնիշխանության հակված կամ միանձնյա ղեկավարման ձգտող գործչի պարագայում կառավարման ձևը կամ մոդելը մեծ նշանակություն չունի: Լինի այն կիսանախագահական, սահմանադրական-միապետական, թե խորհրդարանական, առանցքային նշանակություն չունի: Մանավանդ, թույլ ու պերմանենտ սաղմնային վիճակում գտնվող քաղաքական համակարգի դեպքում:
Ճիշտ է` խորհրդարանական կառավարման ձևը ավելի մեծ հնարավորություն է թողնում հետագայում այդ սուպերվարչապետական իդիլիան խախտելու համար: Հատկապես, այն անխուսափելի պահին, երբ անգամ ձևական ընդդիմադիրները կամ ընդդիմադիր նշանակվածներն են դադարում «տեղները հանգիստ նստել», ավելին՝ սկսում են անհանգիստ շարժումներ անել, երբ նույնիսկ մեծամասնական և իշխող «կուռ» թիմի ներսում են սկսում «ֆրակցիաներ» առանձնանալ:
Ըստ այնմ, ինչ-որ տեղ խորհրդարանական կառավարման մոդելը կարելի է նախընտրելի համարել այն տեսանկյունից, որ դեպքերի ցանկացած ընթացքի դեպքում, ինչպես քաղաքական, այնպես էլ՝ զուտ իրավական հարթության վրա պատասխանատուն մնում է միմիայն վարչապետը: Նա արդեն ձեռքի տակ չունի հերթապահ քավության նոխազ մեկ այլ վարչապետ, իսկ պետության գլուխ նշվող նախագահն էլ զուտ խորհրդանիշ է, ոչ ավելին:
Այսպիսով. սահմանադրական «կոստյո՞ւմն» է, որ պետք է մեզ զարդարի, դարմանի մեր սոցիալական, իրավական ու տնտեսական դարդերը: Հազիվ թե: Ե՛վ կիսանախագահական, և՛ խորհրդարանական կառավարման ձևերն ինքնըստինքյան համաբալասան չեն, եթե ի սկզբանե, իշխանության ձգտող ուժը մտածում է իր պաշտոնավարումը հնարավորինս քիչ խոցելի դարձնելու և, միաժամանակ, բացահայտ կամ քողարկված անսահմանափակ իշխանություն ապահովելու մասին:
«Կոստյումը» մեղավոր չէ: Ու արժե մի հատ էլ աստառը տնտղել, աստա՛ռը:
Իսկ աստառի տակ, ցավոք, մշտադիտարկվող այն միապետական «զեփյուռն» է, որ գործող ղեկավարները հիմնականում ձգտում են ունենալ ուժեղ իշխանություն, բայց չունենալ… ուժեղ ընդդիմություն, անգամ՝ չունենալ որևէ ընդդիմություն: Ըստ որում, երբեմն տրտնջում են, որ չունեն այդ ընդդիմությունը, բայց նույնիսկ թեթևակի նման դրսևորումներին արձագանքում են բավականին կտրուկ և նյարդային, ինչպես դա երևաց ԱԺ-ում կառավարության ծրագրի շուրջ օրերս ծավալված քննարկումներից ու դրա արձագանքներից:
Ցավալին այն է, որ այդ կերպ արձագանքում են գործիչներ, որ ոչ այնքան վաղուց խոսում էին «ինստիտուցիոնալ ընդդիմության» մասին:
Ճակատները փոխվում են, փոցխը մնում է նույնը: