Մասիսի նախկին քաղաքապետն ու նրա եղբայրը կնստեն մեղադրյալի աթոռին

Մասիսի նախկին քաղաքապետի ու նրա մտերիմների նկատմամբ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է։ Թավշյա հեղափոխության մասնակիցներին բռնության ենթարկած խումբը շուտով կկանգնի դատարանի առաջ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի — Sputnik. ՀՀ քննչական կոմիտեն ավարտել է 2018 թվականի ապրիլյան հանրահավաքների օրերին քաղաքացիների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքերով քրեական գործի նախաքննությունը:

Ինչպես հայտնում են Քննչական կոմիտեից, մեղադրանք է առաջադրվել 11 անձի, որոնց թվում են նաև Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանն ու նրա եղբայրը։

Մասիսի քաղաքապետին «օգնության են հասել» մասիսցիները. բողոքի ցույց Երևանում. լուսանկարներ

Քրեական գործի վարույթի շրջանակներում պարզվել է, որ 2018 թվականի ապրիլին Երևան քաղաքում և մարզերում կազմակերպված խաղաղ հավաքների և երթերի ընթացքը խաչընդոտելու համար կազմվել են հատուկ խմբեր, որոնք անհարգալից վերաբերմունք դրսևորելով, խուլիգանական դրդումներով հայհոյանքներ տալով, բռնություն են գործադրել հավաքների մասնակիցների նկատմամբ:

Մասիսի նախկին քաղաքապետին, նրա եղբորն ու ևս 9 անձի մեղադրանք է առաջադրվել խուլիգանության ու զանգվածային անկարգությունների փաստերով։

Քաղաքապետի տեղակալ Կարեն Օհանյանին, Մասիս քաղաքի բնակիչներ Ս.Սահակյանին, Ա.Հակոբյանին, Ա.Խանջյանին ու Ա.Մամուլյանին մեղադրանք է առաջադրվել միայն ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է` զանգվածային անկարգությունների ժամանակ բռնություն գործադրելը, ջարդ կամ հրկիզում իրականացնելը, գույք ոչնչացնելը կամ վնասելը, հրազեն, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր գործադրելը կամ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրելը։ Այս արարքների համար նրանց սպառնում է 3-8 տարվա ազատազրկում։

Իսկ Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին, նրա եղբորը` Գոռ Հարությունյանին, Մ.Պողոսյանին և Հ. Հակոբյանին բացի վերոհիշյալից մեղադրանք է առաջադրվել նաև ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի տարբեր կետերով, այն է` Խուլիգանությունը, որը զուգորդվել է անձի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելով, բացառիկ ցինիզմով, զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ։ Այս արարքի համար նրանց սպառնում է հավելյալ 3-7 տարվա ազատազրկում։

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին: