Որոշել էր ոսկյա զարդերը Հայաստան բերել մարմնին կպցրած. ՊԵԿ–ի աշխատակիցները թույլ չեն տվել

Պետեկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը կանխել է մաքսային կանոնները խախտելու դեպքը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի – Sputnik. Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցներն օրերս «Բագրատաշեն» պետական սահմանային անցակետում, զննման ենթարկելով Վրաստանից Հայաստան ժամանած ՀՀ քաղաքացի Մ.Մ-ին, նրա մարմնի տարբեր հատվածներից հայտնաբերել են ինքնակպչուն ժապավեններով փաթեթավորված յոթ փաթեթ՝ 649.6 գրամ ընդհանուր քաշով դեղնասպիտակավուն զարդերի պարունակությամբ:

ՊԵԿ–ի տարածած հաղորդագրության մեջ նշված է, որ քաղաքացի Մ.Մ-ի հայտարարության համաձայն՝ դրանք ոսկյա զարդեր են։

Փաստի առթիվ կազմվել է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն` ՀՀ Մաքսային օրենսգրքի 201-րդ հոդվածով նախատեսված մաքսային կանոնների խախտման հատկանիշներով։