400 հոգի՝ միայն Շիրակից. Աֆղանստանի մոռացված մարտիկները

Աֆղանական պատերազմի մասնակից շիրակցի վետերանները հավաքվել էին Գյումրու Ռուսական գիտության ու մշակույթի կենտրոնում. այն եզակի դեպքերից էր, որ հիշեցին ու մեծարեցին նրանց:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի — Sputnik. Ամեն տարի փետրվարի 15-ին նշվում է Աֆղանստանից խորհրդային զորքերի դուրս բերման օրը: 30 տարի առաջ Աֆղանստանը լքած խորհրդային զորքի մեջ շատ էին նաև  հայերը: ԽՍՀՄ տարիներին նրանց հաճախ էին հիշում ու մեծարում, այսօր, ցավոք, քչերին է հայտնի այդ մարդկանց սխրագործությունների մասին. սերունդները չգիտեն, քանի որ քիչ է խոսվում:

Հայաստանն ու մոռացված պատերազմն Աֆղանստանում. ինչի մասին չարժե լռել 30 տարի անց

Պատերազմին մասնակցել են պարտադրաբար, հրաման է եղել մեկնել՝ մեկնել են, իսկ քննարկել այդ հրամանը ոչ մեկն իրավունք չուներ:

Գևորգ  Մալխասյանը  25 տարեկան էր, ծառայում էր  Գյումրու  սահմանապահ ջոկատում: Մեկնելու հրամանն իմացավ, բայց ծնողներից թաքցրեց թե ուր պետք է գնա: Երբ ընկերները  եկան հրաժեշտ տալու, անգիտակցաբար,  մոր  մոտ  ասացին, որ որդուն տանում են Աֆղանստան: Լուրն իմանալով մայրն ուշագնաց եղավ, բայց դա ոչինչ չփոխեց՝  որոշումն անբեկանելի էր:

Գևորգն Աֆղանստան մեկնեց ծառայակից ընկերոջը փոխարինելու: Առաջին կանգառը  Կանդագարն էր, ապա Քաբուլը, որտեղ էլ մասնակցեց ռազմական գործողությունների: Աֆղանստանում Գևորգի ծառայած ջոկատն ավելի ուշ ստացավ «ամենամարտունակ գունդ անվանումը»:

400 հոգի՝ միայն Շիրակից. Աֆղանստանի մոռացված մարտիկները

«Մեր զորամիավորումը շատ անգամ է «դուշմանների» կրակահերթերի տակ մնացել:

Մեր միակ երազանքը կենդանի մնալն էր. երբ պառկում էինք քնելու, մտածում էինք՝  տեսնես կարթնանա՞ք, իսկ առավոտյան էլ մեր մտքում էր՝  մինչև  գիշեր կենդանի կմնա՞նք:

Միայն Աստված գիտեր՝ կենդանի կմնաս, թե ոչ»,-նշեց Գևորգը վստահեցնելով՝ Աֆղանստանում ձեռք բերած փորձը օգտակար եղավ նաև Հայկական բանակի կազմավորմանը, որի  ակունքներում կանգնածներից շատերն են Աֆղանստանում ծառայություն անցել:

Գևորգը  Հայկական բանակի կապիտան է, տարիքի բերումով կենսաթոշակի է անցել:

400 հոգի՝ միայն Շիրակից. Աֆղանստանի մոռացված մարտիկները

Հոր  հետքերով զինվորականներ են դարձել նաև որդիները: Հիշում է՝ փետրվարի 13-ին հրաման ստացվեց, որ Աֆղանստանում ծառայող հայերը պետք է հետ վերադառնային Հայաստան:

Երևանում հարգանքի տուրք մատուցեցին Աֆղանական պատերազմի հերոսներին

«Հրամանը ստանալուն պես հանձնեցինք զենքը, զինամթերքն ու տեխնիկան և վերադարձանք, և ես Հայաստանում շարունակեցի ծառայությունս: Ոչ ոք չի կարող պատկերացնել, թե  ինչ է Աֆղանստանը, միայն նրանք գիտեն, ովքեր եղել են այնտեղ, բայց դա նաև լավ մարտական դպրոց էր բոլորիս համար»: 

Գևորգ Մալխասյանը չի դժգոհում, բայց ցավով է նշում՝ Աֆղանստանի վետերաններին մոռացել են. Խորհրդային միությունն էր իրենց պատերազմ ուղարկել՝ դա է պատճառը: «Եզակի դեպքերում ենք հիշվում: Մարդիկ կան, որ չեն հասկանում, որ դա եղել է հրաման ու մենք հրաման ենք կատարել»:

Աֆղանստան մեկնելիս Արամ Բադեյանն ավելի երիտասարդ էր՝ 18 տարեկան էր, երբ  անցնելով պարտադիր զինվորական ծառայության, մի քանի ամիս հետո ուղղորդվում է Աֆղանստան:

«1981-83 թվականներին  էր, հարցնել չկար: Ուղարկում էին, բայց բոլորս էլ ուրախությամբ էինք մեկնում: Վախը կար, ունեցել ենք  նաև  կորուստներ, բայց պարտք էր, որը պետք է կատարեինք»,-Sputnik Արմենիայի հետ զրույցի ժամանակ նշեց Շիրակի մարզի  Աֆղանստանի պատերազմի վետերանների միության նախագահ, փոխգնդապետ Արմեն Բադեյանը:

400 հոգի՝ միայն Շիրակից. Աֆղանստանի մոռացված մարտիկները

Նա չուզեցավ հիշել կորուստներն ու այդ օրերի դժվարությունները:

Մխիթարյան. «86 զոհ, 300-ից ավելի վիրավոր. հայերն ակտիվ մասնակցել են աֆղանական պատերազմին»

«Մեր հայրենիքը այդ ժամանակ Խորհրդային միությունն  էր, մենք էլ հայրենիքի  պահանջով մեկնեցինք: Աֆղանստանից հետո մենք մեծ մասնակցություն ենք ունեցել Արցախյան հերոսամարտում ու հայ բանակաշինության գործում»:

Աֆղանական պատերազմի մասնակից շիրակցի վետերանները փետրվարի 19-ին Գյումրու  Ռուսական գիտության ու մշակույթի կենտրոնում էին. օրն առանձնանում էր, այն եզակի դեպքերից էր, որ կենտրոնի նախաձեռնությամբ հիշեցին ու մեծարվեցին աֆղանական պատերազմի մասնակիցները:

400 հոգի՝ միայն Շիրակից. Աֆղանստանի մոռացված մարտիկները

Աֆղանստանի  պատերազմին մասնակցել է 400 շիրակցի: