Սաֆարովի հերոսացումն Արցախի ժողովրդի անվտանգության մտահոգությունն ավելի է ուժեղացնում. ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ խոսնակը անդրադարձել է 15 տարի առաջ Հունգարիայում ստորաբար, քնած ժամանակ կացնով սպանված հայ սպա Գուրգեն Մարգարյանի դեպքին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 Փետրվար — Sputnik. 15 տարի առաջ Հունգարիայում տեղի ունեցավ ատելության հողի վրա հանցագործություն, երբ Ադրբեջանի սպա Ռամիլ Սաֆարովը կացնահարելով սպանեց Գուրգեն Մարգարյանին ՆԱՏՕ-ի դասընթացների ժամանակ: Գրել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը Facebook-ի իր էջում:

Նա հիշեցրել է, որ Հունգարիայում ցմահ ազատազրկման դատապարտված Սաֆարովը հետագայում արտահանձնվեց Ադրբեջանին, որտեղ սկսեց նրա հերոսացման գործընթացը: Ըստ նաղդալյանի՝ այսպիսով գործարքը գերադասվեց արժանապատվությունից և արդարությունից:

«Ատելությամբ ուղղորդված մարդասպանի հերոսացումը զոհի՝ հայ լինելու պատճառով ավելի է ուժեղացնում մեր մտահոգությունն Արցախի ժողովրդի կենսական անվտանգության նկատմամբ»,-եզրափակել է իր գրառումը Նաղդալյանը: