Գույքի առգրավում Նոր Հայաստանում. Ֆիլիպինների օրինակը ոգեշնչե՞լ է մերոնց

Մինչև դատարանի եզրակացությունը ապօրինի միջոցներով ձեռք բերված գույքի առգրավման մեխանիզմներ երկրում ներդնելու վերաբերյալ Հայաստանի կառավարության գաղափարը հանրության շրջանում լայն արձագանքի է արժանացել։ Իրավաբանները նշում են, որ մյուս երկրներում սա սովորական պրակտիկա է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի –Sputnik, Դավիթ Գալստյան. Հայաստանում ապօրինի ճանապարհով հարստություն ձեռք բերած մարդու ունեցվածքը կկարողանան առգրավել նույնիսկ նրան առանց քրեական պատասխանատվության ենթարկելու, եթե համապատասխան մեխանիզմ ներդրվի։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց իրավաբան Դավիթ Գյուրջյանը` մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` խորհրդարանում վերջերս արված հայտարարությունը։

Փետրվարի 13-ին Փաշինյանը հայտարարել էր, որ կառավարությունն ուսումնասիրում է նախքան դատարանի մեղադրական եզրակացություն տալը ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքի առգրավման մեխանիզմի ներդրման հարցը։ Իրավաբանն ասում է, որ սա անցումային արդարադատության տարր է. կա մեխանիզմ, որի համաձայն մարդը պետք է բացատրի իր գույքի ծագումը։

Ի՞նչ է անելու նոր ստեղծվող հակակոռուպցիոն մարմինը. Փաշինյանը որոշ անհանգստություններ ունի

Գյուրջյանի խոսքով` դեռ այդքան էլ հասկանալի չէ, թե կոնկրետ ինչ կոնցեպտի մասին է խոսքը, սակայն վարչապետի հայտարարությունը կարելի է դիտարկել միայն անցումային արդարադատության կոնտեքստում, թեև այդ դրույթը կառավարության ծրագրում տեղ չի գտել։

«Եթե դու չես կարող բացատրել գույքիդ ձեռք բերման աղբյուրը, համարվում է, որ այն ապօրինի ճանապարհով է ձեռք բերվել։ Հասկանալի է, որ այդ մեխանիզմը պետք է նպաստի ապօրինի ձեռք բերված գույքը վերադարձնելուն, սակայն այդ կոնցեպտը պետք է հաշվի առնի մարդկանց` արդար դատաքննության իրավունքը», – ասաց իրավաբանը։

Նրա խոսքով` անկախ մշակվածից, առգրավվումը պետք է տեղի ունենա դատական ակտի հիման վրա։ Սակայն այդ դեպքում ապացույցների այլ բազա է օգտագործվելում։ Նա ուշադրություն է հրավիրում Փաշինյանի հայտարարությանն այն մասի վրա, որ ապացույցներ տրամադրելու խնդիրն այս դեպքում պետությունից (մեղադրող/ հայցվոր) դրվում է պատասխանող կողմի վրա։

Մյուս կողմից` գույքի առգրավվումը կարող է կախված չլինել մարդուն քրեական պատասխանատվության ենթարկելու գործոնից։

«Անձը կարող է քրեական պատասխանատվություն չկրել, սակայն կորցնել գույքը, եթե չկարողանա ապացուցել դրա օրինական լինելը։ Սա իմ պատկերացմամբ», – ասաց Գյուրջյանը։

Ներկայիս օրենսդրական դատավարական մեխանիզմներն այդ նպատակի բավարարում չեն ապահովում։ Այդ ամենը հնարավոր է միայն անցումային արդարադատության շրջանակում։

Ըստ ամենայնի, նրա կարծիքով, այդ սկզբունքը կիրառվելու է գործերի առանձին կատեգորիայի շրջանակում։

Բուն կոնցեպտի հրապարակումից առաջ դժվար է խոսել Սահմանադրությանը (մարդու հիմնարար իրավունքներին) դրա համապատասխանելիության մասին։

«Իմ քայլը» դաշինքի պատգամավոր, իրավաբան Նիկոլայ Բաղդասարյանն իր հերթին Հինգերորդ ալիքի եթերում հայտարարեց, որ մեխանիզմի ներդրումը թույլ կտա առանց դատարանի որոշման առգրավել այլ երկրներում ապօրինի միջոցներով ձեռք բերված գույքը։

Անցումային արդարադատություն. որքա՞ն խորն ենք փորելու

Նա պնդում է, որ, օրինակ, ներկայացված ապացույցների հիման վրա ԱՄՆ–ում կարող են հետաքննություն սկսել առանց Հայաստանից ստացված դատական ակտի։ Նման համակարգ է գործում նաև Շվեյցարիայում, բայց ոչ Ռուսաստանում։

Բաղդասարյանը զարմացած է, որ որոշ հայ իրավաբաններ «ապշած են» այդ մեխանիզմից։ Ըստ նրա, նրանք անձամբ էին խոսում այդ մասին տարբեր ելույթներում, հոդվածներում։ Ավելին, նրանք ծանոթացել են այդ մեխանիզմին գործուղումների, ԱՄՆ–ում վերապատրաստվելու ժամանակ։

«Ֆիլիպինցիներն այս ձևով ապօրինի ճանապարհով ձեռք բերված այնքան գումար են հավաքել, որ չափով այն գերազանցում է նրանց ամբողջ բյուջեն», – ասել է Բաղդասարյանը։

Նրա խոսքով` նման դեպքերում գումարի մի մասը (15-25%) մնում է այն երկրում, որտեղ տեղի է ունենում առգրավումը (դատական ծախս)։

Բաղդասարյանը նշել է, որ տարբեր երկրի իշխանություններին կարող են դիմել և՛ այլ երկրների պետական կառույցները, և՛ քննիչները, և՛ ԶԼՄ–ները, և՛ ՀԿ–ները։

«Նրանք բոլորը, կոնկրետ երկրի օրենսդրության և միջազգային պայմանագրերի համապատասխան, կարող են դիմել երկրի իշխանություններին` նպատակ ունենալով իրենց մոտ եղած ապացույցների հիման վրա այնտեղ հետաքննություն նախաձեռնել», – ասել է Բաղդասարյանը։

Ավելին, իշխանությունները կարող են առգրավել ոչ միայն գույքը, այլև միջոցները, որոնք ստացվել են այդ գույքի օգտագործման արդյունքում։

Ինչպես նշեց իրավաբանը, դատարանը վճիռ է կայացնում հիմնական գումարի վերաբերյալ (կամ ապօրինի ձեռք բերված գույքի), զուգահեռաբար կամ քաղաքացիական գործընթացի շրջանակում դատախազությունն իրավունք է ստանում դատարան դիմելու` առգրավելու համար այն միջոցները, որոնք ստացվել են դրանց շրջանառության հետևանքով (կամ շահագործման` գույքի դեպքում)։  Այդ մասով դատական վճիռ արդեն անհրաժեշտ չէ։

Հիշեցնենք, որ 2018 թվականի ամռանը Փաշինյանը հայտարարել էր անցումային արդարադատության համակարգի ներդրման մասին։ Այդ փաստը բուռն արձագանքի էր արժանացել և ակտիվորեն քննարկվում էր ոչ միայն մասնագիտական հանրության, այլև սոցցանցի շարքային օգտատերերի կողմից։