ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի — Sputnik, Արամ Գարեգինյան. Հայաստանում գործ բացելու համար ինչ ներդրումային «կլիմա» է պետք ու քանի տարով։ Տարբեր մարդկանց համար տարբեր է (Նայած թե ում համար)։
Այստեղ`Իրանի սահմանին, կլիման շատ շոգ է ու չոր, բայց ոչ թե ներդրումային, այլ (հենց) բնական կլիման։ Սակայն Խաչատուր Գևորգյանը շոգից չի վախենում. նա իր հարազատ գյուղում (քաղաքում) պիստակի այգիներ է հիմնել։ Առաջին բերքը երկու տարուց կհավաքի։
Ու եթե Խաչիկի ժառանգներն իր պես աշխատասեր լինեն, ապա մի հազար տարի կօգտվեն պիստակի բերքից։ Այս ճանապարհի (առաջին) չորս տարին Գևորգյանն արդեն անցել է, Ռուսատսանից հարազատ Ագարակ վերադառնալուց հետո։
Իրանը ոչ միայն նավթագազային, այլև պիստակային տերություն է։ Իրանն ու ԱՄՆ–ն արտադրում են աշխարհի պիստակի 70-80%–ը։ Իրանցիները չեն ուզում հետ մնալ, այդ պատճառով վերջին տարիներին սկսել են պիստակի այգիներ տնկել երկրի ոչ միայն հարավում, այլև հյուսիսում։
«Երբ որոշել էի պիստակի այգի տնկել, շրջեցի Իրանում, որ իրենց հաջողությունները տեսնեմ։ Առաջին այգիներից մեկը, որ տեսել եմ, մեզ մոտ է` Ջուլֆայում, Արաքսի այն կողմը», – ասում է Խաչատուրը։
Ավելին` նա դեռ մանկուց տեղական պիստակ տեսել է Ագարակում։ Ճիշտ է, մեր իմացածներից` բոված ու կեղևով չէին։ Այստեղ էլ էին դրանք «բերովի» ու դեֆիցիտ էին (ինչպես այլ շատ բաներ)։ Բայց փոխարենը...
«Այ սրանք են: Վայրի պիստակի ծառեր։ Մեր կողմերը դրանցից շատ կա։ Սրանց պտուղները ուղղակի շատ փոքր են։ Դրանք մատղաշ ժամանակ հավաքում են, թթու են դնում, մուրաբա սարքում։ Բայց էնքան նման չեն պիստակին, որ մարդկանց մտքով էլ չէր անցնում, որ ֆիստաշկայա… Էս վայրի ծառին ստեղ ասում են «չատտանղուշ», – ասում է Խաչիկը։
Մի քանի տարի առաջ նա Իրանի իր ծանոթներին էր այստեղ բերել, որ ցույց տա այն տեղը, որտեղ ուզում է պիստակի ծառեր տնկել։ Այդ ժամանակ էլ հյուրերը տեսան վայրի պիստակները։ «Աաա, չատտանղուշ», – ասացին նրանք։ Այդ պիսկատներից Խաչատուրի գլխում փայլատակում եղավ, ինչպես Նյուտոնի մոտ՝ խնձորից։
«Այսինքն էն ափին էլ են դրանք աճում ու նույն ձև էլ ասում են դրանց։ Ուղղակի սահմանանը որ փակ էր, շփում չկար, դրա համար մերոնք չգիտեին։ Ես էլ որ իմացա, մտածեցի` դե ուրեմն մշակովի պիստակն էլ մեր մոտ կաճի», – ժպտալով պատմում է Խաչիկը։
Չատտանղուշն ուր պատահի աճում է, իսկ ահա դրա մշակովի եղբայրներին շատ ջուր ու լավ հող է պետք։ Մինչդեռ Ագարակում միայն արև ու քարեր են։ Ճիշտ է, կողքին Արաքսն է, բայց այնտեղից ջուրը սահմանափակ են վերցնում, որ պոմպերի էլեկտրաէներգիայի վրա շատ գումար չծախսեն։ Բայց իզուր չէ, որ ասում են՝ հայը քարից էլ է հաց քամում...
Այս այգիների տեղում կիսաանապատ էր։ Խորհրդային տարիներին ուրիշ այգիներ էին` նռան ու դեղձի։ Դրանք արտեզյան ջրհորներից էին ոռոգվում։ Այն ժամանակ կարելի էր պոմպերի ու հոսանքի մասին չմտածել։ Հետո եկան 90–ականները։ Ջրհորները փակեցին, այգիները չորացան։ Ամռանն այստեղ 40 աստիճանից բարձր է։ Իսկ ձմեռները տաք են (փետրվարի կեսին կարծես Երևանի հոկտեմբերը լինի)։ Ամենալավ եղանակը պիստակի ծառերի համար։ Միայն թե ջուր է պետք։
Վերջերս Համաշխարհային բանկի ծրագրով Մեղրիում ու Ագարակում ինքնահոս ոռոգման համակարգ է կառուցվել (Արաքսի՝ սարերից եկող վտակներով)։ Հիմա և՛ ջուր կա, և՛ հոսանք չեն ծախսում։ Սակայն այդ ոռոգման ջուրը դեռ Խաչիկին չի հասել։ Որ ծառերը չչորանան, նա ստիպված է խմելու ջրով ջրել դրանք ։
«Բայց որ մտնեն բերքի տակ, էդ ժամանակ ամեն ծառին 300 լիտր ջուր է պետք։ Խմելու ջրով թանկ կլինի, համ էլ մարդկանց ա էդ ջուրը պետք։ Դրա համար հիմա լուծում ենք ոռոգման ջրի խնդիրը», – ասում է Խաչիկը։
Խաչիկն ու իր աշխատակիցներն արդեն ջրի խողովակներ են անցկացրել ու նախապատրաստել հողը։ Հարիուրից ավել «կամազ» քար են հանել-տարել։ Դրանից հետո սկսել են օրգանիկ պարարտանյութ տալ հողին։
Ողջ աշխատանքի ընթացքում հայ այգեգործերին օգնում են իրանցի խորհրդատուները։ Նրանք պարբերաբար գալիս են ու ցույց տալիս խնամքի ու մշակության միջոցներ։
Երկրի հարավում` պիստակներով հայտնի Քերման նահանգում, Խաչատուրը 250 տավա այգիներ է տեսել, որոնք մինչև հիմա բերք են տալիս։ Իսկ ընդհանրապես համարվում է, որ պիստակի ծառերը կարող են ապրել 800 ու նույնիսկ մինչև 1000 տարի։ Առաջին բերքը տալիս են հինգերորդ–վեցերորդ տարին։ Ծառերի համար դա մի ակնթարթ է։ Իսկ մշակող մարդու համար` ոչ։
«Ծառերը 2015 թվականին եմ տնկել։ Առաջին բերքը երկու տարուց կլինի։ Սկզբում շատ չի լինի։ Ամբողջական բերքի տակ կմտնեն մոտ քսան տարուց։ Իսկ ներդրած գումարները հետ կգան 10–11–րդ տարում», – ասում է Խաչիկը։
Ուշ լինի, նուշ լինի։ Եթե համբերես, ամեն ծառից կարելի է 20 կիլոգրամ բերք հավաքել, իսկ մեկ հեկտարից` առնվազն 4–5 տոննա։ Այն էլ՝ չորացրած բերքի հաշվարկով։ Պիստակը այդքան էլ շատ վնասատուներ չունի, այսինքն` հաճախ սրսկումներ չեն պահանջվում։
Առանց քաղաքական ենթատեքստի Գևորգյանն իր այգում «աշխարհաքաղաքական փորձ» է արել. կողք–կողքի տնկել է իրանյան ու ամերիկյան ծառատեսակներ (որոնք ժամանակին նույնպես Իրանից էին տարվել)։ Երկուսն էլ վատ չեն աճում։ Ու երկուսն էլ շուտով պտուղներն են տալու։
Կատակը մի կողմ, բայց Գևորգյանը դեռ շարունակում է իր գլխավոր փորձը. հինգ հեկտար չոր հողը պտղատու այգու է վերածում։ Մարտին այստեղ կսկսեն տրակորներ աշխատել, հողը կպարարտացնեն, մոլախոտերից քաղհան կանեն։
Իսկ ևս երկու–երեք տարի անց այս մեծ աշխատանքի արդյունքները կարող են հայտնվել մեր Նոր տարվա չարազում և, ինչու ոչ, ամենօրյա սննդակարգում ։ Այս մասին էլ Գևորգյանը կհոգա. երբ առաջին բերքը կհասնի, նա ուզում է սկսել նաև դրա ապրանքային մշակումը։