ՌԱԴԻՈ

Միրաքյան. «Հեղափոխությունը բանանի գնի իջեցման կամ բարձրացման հետ կապ չունի»

Հավանաբար նկատել եք, որ բանանը թանկացել է։ Եթե Ամանորին մինչև 380 դրամի հասնող բանան էր հնարավոր գնել, հիմա այդպիսի գին չկա․էժան է միայն հասունացած, կետիկավոր բանանը, թարմը՝ 700 դրամի է հասնում։
Sputnik
Միրաքյան. «Հեղափոխությունը բանանի գնի իջեցման կամ բարձրացման հետ կապ չունի»

Բանանի ներկրմամբ զբաղվող գործարար Վահրամ Միրաքյանն այս հանգամանքը միայն սեզոնայնությամբ է պայմանավորում։ «Բանանի գնի անկման հետ հեղափոխությունը կապ չուներ, նոր իշխանությունն էլ կապ չունի դրա թանկացման հետ։ Դեռ հեղափոխությունից առաջ էի ասել, որ բանանը էժանանալու է ու այդպես էլ եղավ, հեղափոխությունը բանանի գնի հետ կապ չունի»,- Sputnik Արմենիայի եթերում ասում է Միրաքյանը։

Հայաստան բանան ներկրվում է  հիմնականում Էկվադորից և Կոստա Ռիկայից։ Շուկայում բանան ներմուծողներն արդեն 3 տարի է չեն փոխվել։ Ձմեռը բանանը սովորաբար թանկանում է, որովհետև մեծանում է պահանջարկը, այն էժանանում է մայիս -հունիսին։

Հայաստանում, սակայն, ըստ Միրաքյանի, այդ փոփոխությունները զգացվում են միայն 40 օր հետո, հենց այսքան է տևում մինչև բանանը ծագման երկրից կհասնի Հայաստան։