ՌԱԴԻՈ

«Պետության սուբսիդավորումից չեն կարող օգտվել միայն խոշոր համարվող ձեռներեցները». Մուրադյան

ՀՀ ՊԵԿ Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետ Աշոտ Մուրադյան Sputnik Արմենիայի եթերում մանրամասնել է նոր սերնդի ՀԴՄ սարքերի տրամադրման կարգն ու դրանց կարևորությունը տնտեսության զարգացման համար։
Sputnik

Ըստ սահմանված ժամանակացույցի, ՓՄՁ ներկայացուցիչները մինչև 2019 թվականի հունվարի 1–ը պետք է պարտադիր ձեռք բերեին նոր սերնդի ՀԴՄ սարքեր, որոնց գինը սահմանված էր 160 հազար դրամ։ Պետության կողմից սուբսիդավորման արդյունքում սարքերը տնտեսվարողներին կտրամադրվեն արդեն 60 հազար դրամով։ ՊԵԿ Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետի խոսքով` բացի այդ, այն հարկ վճարողները, որոնք իրենց գործունեությունը գրանցելու են 2019 թվականի հունվարի 1–ից հետո, բայց աշխատելու են շրջանառության հարկով կամ միայն արտոնագրով, կամ հանդիսանալու են ընտանեկան ձեռնարկատիրության և ինքնազբաղված տնտեսվարող սուբյեկտ, նրանք ևս կարող են ձեռք բերել ՀԴՄ սարքերը 60 հազար դրամով։ «Սարքերը 160 հազար դրամով ձեռք կբերեն միայն այն հարկ վճարողները , որոնք գրանցում են ստանալու 2019 թվականի հունվարի 1–ից հետո և աշխատելու են ավելացված արժեքի հարկի ռեժիմում։ Այսինքն` պետության սուբսիդավորումից չեն կարող օգտվել միայն խոշոր համարվող ձեռներեցները»,–ասում է Մուրադյանը և հիշեցնում, որ այն ընկերությունները , որոնք աշխատում են մի մասն արտոնագրով, մյուս մասն `ավելացված արժեքի հարկային ռեժիմում, նրանց վրա ևս չի տարածվում պետական սուբսիդավորումը։

ՊԵԿ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետ Աշոտ Մուրադյանը նաև մանրամասնեց , թե ինչ է իրենից ներկայացնում նոր սերնդի ՀԴՄ սարքը։ Նրա խոսքով`այն զուտ ՀԴՄ կտրոն տպող սարք չէ, այն մի քանի ֆունկցիա է իր մեջ ներառում։ «Բացի այն որ սարքի միջոցով տպվում Է ՀԴՄ կտրոն, դրանով հնարավոր է տպել հաշվարկային այլ փաստաթղթեր, մասնավորապես` հարկային հաշիվ, վավերագիր, բեռնագիր, ավելացված արժեքի վերադարձի կտրոն։ Արդյունքում, տնտեսվում է և՛ ժամանակը, և՛ միջոցները , իսկ տնտեսվարողը ազատվում է լրացուցիչ թղթաշրջանառությունից ։ Այդ սարքերը նաև հնարավորություն են տալիս բանկային քարտերի միջոցով ընդունել վճարումներ, իսկ անկանխիկ վճարումները տնտեսության համար օրակարգային խնդիր է»,–ասում է Մուրադյանը։

Պաշտոնյայի խոսքով` անկանխիկ վճարումներն առաջնային են տնտեսության համար այն իմաստով, որ ստվերի դեմ պայքարի ամենալավ միջոցն են։

Հաղորդավար` Լուսինե Մկրտչյան։