ՌԱԴԻՈ

Քանի՞ «դուխով» է մերժվել Հայաստանում. Լուսինե Մանուկյանը ներկայացնում է մանրամասները

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության մտավոր սեփականության գործակալության ապրանքային նշանների և արդյունաբերական նմուշների բաժնի պետ Լուսինե Մանուկյանը Sputnik Արմենիայի եթերում խոսում է «թավշյա հեղափոխության» ընթացքում օգտագործված բառերը որպես ապրանքային նշան օգտագործելու մասին:
Sputnik

«Թավշյա հեղափոխությունից» հետո տնտեսավարող սուբյեկտներից շատերը ցանկացել են գրանցել սիմվոլ դարձած «դուխով», «քայլ արա», «թավշյա» և մի շարք այլ բառեր: Լուսինե Մանուկյանի խոսքով՝ հեղափոխությունից հետո եղել են հայտեր` այդ բառերը որպես ապրանքային նշան գրանցելու համար:

«Ապրանքային նշանի գրանցման համար անձը պետք է հայտ ներկայացնի, և մենք տվյալ բառերը որպես ապրանքային նշան գրանցելու հայտեր ունեցանք»,-ասաց նա և հավելեց, որ «դուխով» բառի գրանցման համար տարբեր տնտեսավարող սուբյեկտներից ներկայացվել է 16 հայտ` 4 «քայլ արա», 3 «թավշյա» և մեկական «վարչապետ» և «премьер-министр» բառերի համար:

Մանուկյանը նշեց, որ «դուխով» բառը գրանցման է ներկայացվել «թավշյա հեղափոխությունից» առաջ՝ ապրիլի սկզբին, և դա այդ պահին դեռ նման նշանակություն չուներ:

«Հեղափոխությունից հետո եկած բոլոր հայտերը մերժվել են, քանի որ «դուխովը», բացի այն, որ արդեն ապրանքային նշան էր գրանցված, նաև ձեռք էր բերել մի ուրիշ նշանակություն մեր հասարակության համար: Օրենքում ունենք մերժման հիմք, եթե խոսակցական կամ առևտրային պրակտիկայում բառը դառնում է համընդհանուր օգտագործման և հասարակական հետաքրքրություն ներկայացնող, մենք տվյալ բառը չենք գրանցում որպես ապրանքային նշան»,-հստակեցրեց Մանուկյանը:

Ըստ Մանուկյանի՝ ապրանքային նշանը պարտադիր չէ գրանցել, դա ցանկացած անձի իրավունքն է, և գրանցելով ապրանքային նշանը՝ անձն ուղղակի ձեռք է բերում բացառիկ իրավունք տվյալ ապրանքային նշանի նկատմամբ:

Կան շատ ապրանքային նշաններ, որոնք անձինք օգտագործում են առանց գրանցելու: