ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի — Sputnik. ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին կանչել են Ազգային անվտանգության ծառայություն: Այս մասին հայտնում է pastinfo.am կայքը։
Կայքի տեղեկություններով` ԱԱԾ-ն Գագիկ Խաչատրյանից պահանջել է վերադարձնել գումարները, որոնց ծագումը կասկածահարույց է: Իսկ թե ինչ գործի շրջանակում է նախկին պաշտոնյան հրավիրվել ԱԱԾ, կայքին չի հաջողվել պարզել:
Մամուլի հրապարակումների համաձայն` 2018 թվականի ապրիլին Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո Գագիկ Խաչատրյանն ընտանիքով մեկնել է ԱՄՆ, որտեղ Խաչատրյանները բիզնես, շքեղ առանձնատներ ու միլիոնների հասնող կարողություն ունեն։
Օրեր առաջ մամուլը գրեց, որ Խաչատրյանը վերադարձել է Երևան:
ԱԱԾ–ից Sputnik Արմենիային հայտնեցին, որ մամուլին հաղորդելու տեղեկություն այս պահին չունեն։