Հայկ Մարությանը խոսել է մետրոյի նոր կայարանի մասին. երկու տարբերակ է քննարկվում

Քաղաքապետարանը մետրոյի նոր հանգույցի և ստորգետնյա կայանատեղիների շինարարության նոր նախագիծ է մշակում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի — Sputnik. Երևանյան մետրոյի նոր հանգույցն անցնելու է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի կողքով։ Քաղաքապետարանն այս պահին երկու հայեցակարգ է մշակում։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Հայկ Մարությանը։

«Առաջին տարբերակն այն է, որ լինելու է կամուրջ, գնացքը անցնում է կամուրջը և կանգնում է հենց այնտեղ։ Երկրորդ տարբերակը` գնացքը կանգնում է այլ վայրում, և լինում է հորիզոնական շարժասանդուղք, որով մարդիկ տեղափոխվում են»,- ասաց Մարությանը:

Քաղաքապետը նշեց, որ կայարանի կառուցման աշխատանքներին ներգրավվելու են նաև մասնավոր ընկերություններ:

«Մենք աշխատում ենք այն ուղղությամբ, որպեսզի մասնավոր ընկերությունները նույնպես ներդրումներ կատարեն, և կարող է կայարանը միքսվի ինչ-որ առևտրի կենտրոնի հետ, որպեսզի ողջ բեռը չմնա պետության վրա: Շատ թանկարժեք բան է մետրոն, մեկ կիլոմետրը մոտ 100 մլն ամերիկյան դոլար արժե: Դա միջինացված գին է, օրինակ` Նյու Յորքում մեկ կիլոմետրը գնահատվում է մոտ 250 մլն դոլար»,- ասաց Մարությանը:

Երևանում կկառուցեն մետրոյի կայարաններ և ճոպանուղի. Արթուր Մեսչյան

Քաղաքը բեռնաթափելու համար քաղաքապետարանը նախատեսում է ստորգետնյա նոր կայանատեղիներ կառուցել, դրանցից մեկը կլինի Շահումյանի արձանի այգու տակ, մյուսը` Երևանի քաղաքապետարանի մոտ։

Հիշեցնենք` քաղաքապետարանը պատրաստվում է Աջափնյակում մետրոպոլիտենի երկու կայարան կառուցել։

Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենը, որը գործարկվել է 1981 թվականին, տասը կայարան ունի, ընդհանուր երկարությունը 13,4 կիլոմետր է։