ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի –Sputnik. Թուրքիան դատապարտել է «Ավստրիայի խորհրդանիշների մասին» օրենքը, որը արգելք է նախատեսում այդ երկրում որոշ խորհրդանիշների օգտագործման, մասնավորապես, թուրքական «Bozkurt» («Գորշ գայլեր») ազգայնական կազմակերպության նշանի համար, հայտնում է Daily Sabah–ը։
Թուրքիայի արտգործնախարարությունն օրինագծի ընդունման հետ կապված Ավստրիայի խորհրդարան բողոքի նոտա է հղել։
Հայտարարության մեջ շեշտը դրվում է թուրքական իշխանությունների կողմից պաշտոնական Վիեննային ուղղված բազմաթիվ նախազգուշացումների վրա։ Հատկապես թուրքական կողմին զայրացրել է, որ «Գորշ գայլերի» խորհրդանիշն արգելքի տակ է ընկել այնպես, ինչպես «ՔԱԿ–ի ահաբեկիչներինը» («Քրդստանի աշխատավորական կուսակցություն»)։ Թուրքիայի ԱԳՆ–ում սա անթույլատրելի են համարում։
«Թուրքիայում օրինական գործող կուսակցության խորհրդանիշը ներառել ՔԱԿ–ի խորհրդանիշի հետ նույն ցանկում իսկական սկանդալ է, ինչը ստիպում է մտածել Եվրոպայում առկա պոպուլիզմի մասշտաբների մասին։ Նման ոչ ռացիոնալ և չհիմնավորված որոշումով Ավստրիայի իշխանություններն իրականում թիրախավորել են ոչ թե առանձին քաղաքական կուսակցությանը և նրա համախոհներին, այլ Թուրքիայի ողջ քաղաքական համակարգն ու նրա օրինականությունը», – գրված է հաղորդագրության մեջ։
Այն մասին, որ Ավստրիայի կառավարությունը մտադիր է զգալիորեն ընդլայնել արգելված ծայրահեղական խորհրդանիշների ցանկը, հայտնի էր դարձել դեռ 2018 թվականի ամռանը։
«Խորհրդանիշների մասին» գործող օրենքն ընդունվել է 2014 թվականին և արգելում է «Ալ Կաիդայի», ԻՊ–ի (արգելված են մի շարք երկրներում) և նրանց նման խմբավորումների խորհրդանիշների կիրառումը։
Նոր օրենքը ուժի մեջ կմտնի 2019 թվականի մարտի 1-ին։