Մանվել Գրիգորյանի կալանքի հարցով դատական նիստը հետաձգվեց

ԱԺ նախկին պատգամավորի պաշտպանը հայտնեց, թե ինչու հետաձգվեց դատական նիստը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի — Sputnik. Երևանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր` փետրվարի 15-ին, հետաձգեց Մանվել Գրիգորյանին գրավով ազատելու միջնորդության քննությունը։ Հետաձգման պատճառն այն էր, որ քննիչը չէր ներկայացել դատարան։ Այս մասին լրագրողներին հայտնեց Մանվել Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը։

Ի՞նչ վիճակում է Մանվել Գրիգորյանը. պարզաբանում է բուժկենտրոնի տնօրենը

Փաստաբանը հայտնեց նաև, որ պաշտպանական կողմը միջնորդել էր Մանվել Գրիգորյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը փոխարինել 20 մլն դրամ գրավով։

Նշենք, որ Գրիգորյանն այս պահին բուժում է ստանում քաղաքացիական հիվանդանոցում, որտեղ նրան առողջության վատացման հետևանքով տեղափոխել էին «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից։

Հիշեցնենք, որ 2018թ–ի հունիսի 17-ին ԱԱԾ–ն տեսանյութ էր հրապարակել` ներկայացնելով ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանին պատկանող, ՀՀ Արմավիրի մարզի Արշալույս գյուղի Լճափնյա փողոցում գտնվող հանգստյան գոտում, ինչպես նաև Էջմիածին քաղաքի Ալավերդյան փողոցի տուն 46 հասցեում տեղակայված և Գրիգորյանին պատկանող առանձնատան կատարված խուզարկության արդյունքները:

Դատարանը նախաքննական մարմնի միջնորդությամբ նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրել կալանքը։ Ավելի ուշ այն փոխարինվել էր 25 մլն դրամ գրավով։ Դատախազությունը բողոքարկել էր այս որոշումը Վերաքննիչ դատարանում` պահանջելով նրա նկատմամբ ուժի մեջ թողնել կալանավորման մասին որոշումը։ Դատարանը բավարարել էր բողոքը։ Դատական նիստից հետո Գրիգորյանին կրկին տեղափոխել էին կալանավայր։