Գազալցակայաններում գնապիտակները կփոխվեն, գները` ոչ

Ապրիլի 1-ից գազը լցակայաններում կվաճառվի կիլոգրամներով։ Ինչպե՞ս են հաշվելու գազի նոր գինը և կշռելու գազը. Sputnik Արմենիան ճշտել է ոլորտի մասնագետից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի — Sputnik. Գազալցակայաններում վաճառվող գազի գինը խորանարդ մետրի փոխարեն կիլոգրամով հաշվարկելն ավելի ճիշտ է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց «Էքսպերտ թեչ» գազաբալոնային սարքավորման փորձարկման, տեղակայման և սերտիֆիկացման ընկերության տնօրեն Մկրտիչ Տիգրանյանը։

Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց Հարկային օրենսգրքում փոփոխությունների նախագիծը, որով առաջարկվում է ԱԳԼՃԿ–ներում գազն ապրիլի 1-ից վաճառել ոչ թե խորանարդ մետրով, այլ կիլոգրամով։

«Խորանարդ մետրով վաճառելու ժամանակ և ջերմաստիճանի ու այլ գործոնների միջոցով հնարավոր է ազդել խորանարդ մետրի ծավալի վրա, իսկ կիլոգրամը հստակ է, ճշգրիտ չափման միավոր է»,– ասաց Տիգրանյանը։

Ինչ վերաբերում է գազալցակայանների աշխատանքի վրա կառավարության նախաձեռնության հնարավոր ազդեցությանը, Տիգրանյանը նշեց, որ դրա արդյունքում լցակայաններում տեխնիկական վերազինման անհրաժեշտություն չի առաջանա։

«Լրացուցիչ ներդրումների կարիք չկա։ Այն սարքերը, որոնք այսօր տեղադրված են գազալցակայաններում, հիմա էլ գազը կշռում են»,– ասաց նա։

Որոշակի խնդիր, Տիգրանյանի համոզմամբ, կարող է առաջանալ գնի վերահաշվարկի պարագայում։ Բանն այն է, որ, ըստ մասնագետի`գազի 1 խմ–ը միջինը մոտավորապես 700 գրամ է կշռում։ Հետևաբար, 1 խմ–ն ու 1 կգ–ը տարբեր արժեքներ են ունենալու։ Տիգիրանյանի հաշվարկով 1 կգ գազը շուրջ 40 տոկոսով ավելի թանկ կարժենա, քան այսօր վաճառվող 1 խմ–ը։

Գազալցակայաններում էլ չեն խաբի. ապրիլի 1-ից Հայաստանում գազը կվաճառվի կիլոգրամներով

«Դա թանկացում չէ։ Թանկանալու է ոչ թե գազը, այլ փոխվելու է դրա գնագոյացման գործակիցը»,– մեկնաբանում է մասնագետը։

Իսկ ինչ վերաբերում է կամայական թանկացմանը, ապա Տիգրանյանը հերքում է դրա հնարավորությունը` նշելով, որ գազի շուկան Հայաստանում մոնոպոլիզացված չէ, մրցակցային է։

Նշենք, որ Հայաստանում մոտ 400 գազալցակայան է գործում։

Հիշեցնենք` կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց Հարկային օրենսգրքում փոփոխությունների նախագիծը, որով առաջարկվում է ԱԳԼՃԿ–ներում գազն ապրիլի 1-ից վաճառել ոչ թե խորանարդ մետրով, այլ կիլոգրամով։

Նախագիծը քննարկելիս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հատուկ ընդգծեց, որ այս փոփոխությունը չարաշահումները կանխելու նպատակ է հետապնդում և գնի փոփոխություն չի ենթադրում։

Իսկ այն տնտեսվարողները, որոնք կթանկացնեն գինը կամ կակնարկեն այդ մասին, կխոստովանեն, որ ստեղծման օրից սպառողներին խաբել են։