Լիլիթ Մակունցը մանրամասներ է ներկայացրել հացադուլ հայտարարած ռեժիսորի հետ զրույցից

Մշակույթի նախկին նախարարը ասել է, թե ինչի մասին է զրուցել ռեժիսորի հետ հանդիպման ժամանակ։ Նա Հովհաննես Գալստյանին կոչ էր արել դադարեցնել հացադուլը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի –Sputnik, Նանա Մարտիրոսյան. «Իմ քայլը» խմբակցության ղեկավար, մշակույթի նախկին նախարար Լիլիթ Մակունցը կոչ է արել «Տատիկիս վարսերը» ֆիլմի ռեժիսոր Հովհաննես Գալստյանին դադարեցնել հացադուլը ոչ միայն հանուն կինոյի և իր ընտանիքի, այլև հանուն արդարության։ Այս մասին նա ասաց Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում։

Դեկտեմբերի 3-ին Գալստյանը հացադուլ էր հայտարարել` պահանջելով պետությունից ֆինանսավորել ֆիլմը, որի նկարահանումները տապալման վտանգի տակ են հայտնվել։  Դեկտեմբերի 12-ին ռեժիսորը դադարեցրել էր բողոքի ակցիան, քանի որ նրան իբրև թե երաշխիքներ էին տվել ֆիլմի ֆինանսավորումը շարունակելու վերաբերյալ։ Նրա խոսքով` Մակունցը հանձնարարել է Ազգային կինոկենտրոնին երկօրյա ժամկետում լուծել խնդիրը։

Դատարանն ամեն ինչ կորոշի. Հայաստանի կինոկենտրոնը մտադիր չէ փող տալ հացադուլ անող ռեժիսորին

Սակայն այդ ընթացքում հարցը բանավեճից և փոխադարձ մեղադրանքներից այն կողմ չանցավ։ Հուսալքված ռեժիսորը հացադուլը վերսկսեց փետրվարի 4-ին։ Բացի այդ նա այսօր դրամահավաք հայտարարեց և տեղեկացրեց, որ մտադիր է սոված մնալ այնքան ժամանակ, մինչև 10 մլն դրամ չհավաքվի և իշխանությունները ֆինանսավորումը շարունակելու երաշխիքներ չտան։

Սակայն Մակունցն ասում է, որ ավելի նպատակահարմար կլիներ դադարեցնել հացադուլը և սպասել դատարանի որոշմանը։ Ռեժիսորի հետ հանդիպել նա մտադիր չէ, քանի որ էթիկայից դուրս է համարում միջամտել Մշակույթի նախարարության գործերին, երբ նախարարի պաշտոնակատար կա։ Միևնույն ժամանակ նա հույս է հայտնում, որ խնդիրը շուտով կլուծվի, և թե ով, ում և որքան է պարտք պարզ կդառնա առաջիկայում։

Նախկին նախարարը նշում է, որ կոնֆլիկտի կողմերն են Ազգային կինոկենտրոնն ու Գալստյանի ընկերությունը, իսկ ինքը որպես մշակույթի նախարար փորձել էր ընդամենը աջակցել խնդրի լուծմանը։ Նրա խոսքով` Գալստյանը որոշ փաստաթղթեր ուներ, որոնք Կինոկենտրոն չէր ներկայացրել։

«Ռեժիսորի հետ հանդիպման ժամանակ ես ընդամենը խորհուրդ եմ տվել բոլոր փաստաթղթերը ներկայացնել Կինոկենտրոն, իսկ այնտեղ, իրավական հիմքի առկայությամբ, պայմանագիրը կամ կստորագրեն, կամ այլ լուծում կգտնեն», – պատմեց Մակունցը։

«Սակայն ռեժիսորը փաստաթղթերն այդպես էլ չի տարել», նշեց Մակունցը` մեջբերելով ԶԼՄ–ների տվյալները։

Մակունցը տեղյակ չի եղել նաև զրույցի աուդիոձայնագրությունը հրապարակելու Գալստյանի մտադրության մասին։ Անձամբ ինքը դրանում որևէ խնդիր չի տեսնում, սակայն հիշեցնում է նման գործողությունների հակաօրինական լինելու մասին։

Մակունցը մտահոգված է, քանի որ եթե աուդիոձայնագրությունն ամբողջությամբ չհրապարակվի, այլ մասամբ, ապա դա կարող է հանրության կողմից սխալ մեկնաբանությունների առիթ տալ։

Մակունցը պետք է հրապարակի ձայնագրությունը. Հովհաննես Գալստյանը հացադուլ է հայտարարել

Փետրվարի 14-ին հրավիրված մամուլի ասուլիսին ռեժիսորը ներկայացրեց աուդիոձայնագրության հատվածները, սակայն դա լրագրողներին չբավարարեց, քանի որ հնարավոր չէր հասկանալ`արդյոք դրանք կոնտեքստից դուրս են, թե ոչ։ Գալստյանի կինը` Մարինե Զաքարյանը, Sputnik Արմենիայի հետ զրույցում խոստացավ ամբողջական տարբերակն ուղարկել, սակայն նյութի հրապարակման պահին խմբագրությունն այն դեռ չէր ստացել։

«Տատիկիս վարսերը» ֆիլմը Բուլղարիայի, Գերմանիայի և Հայաստանի համատեղ 1–ին նախագիծն է։  Ռեժիսորի խոսքով` Հայաստանի ազգային կինոկենտրոնը պետք է 88 մլն դրամ հատկացներ, սակայն հատկացվել է 17 մլն–ը։ Նա պահանջում է մնացած գումարը։

Դեկտեմբերի 3-ին, երբ Հովհաննես Գալստյանն առաջին անգամ հացադուլ հայտարարեց, միջգերատեսչական հանձնաժողովի նիստ կայացավ, որի կազմում ընդգրկված էին Հայաստանի ազգային կինոկենտրոնի ղեկավար Շուշանիկ Միրզախանյանը, մշակույթի փոխնախարար Նազենի Ղարիբյանն ու այն ժամանակ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը։

Շուշանիկ Միրզախանյանը պնդում է, որ որևէ հանձնարարություն այս կապակցությամբ չի ստացել։ Ավելին, մեղադրում է ռեժիսորին խաբեբայության մեջ։ Ղարիբյանն էլ ռեժիսորին ստախոս, խարդախ և զրպարտիչ է անվանում։