Փաշինյանի սիրիական առաքելությունը. կարելի՞ է արդյոք փոխել աշխարհագրությունը

Երևանի սիրիական առաքելությունը Փաշինյանի թիմի հաջող արտաքին քաղաքականության մանևրումների ևս մեկ օրինակ է։
Sputnik

Սերգեյ Մարկեդոնով` ՌՊՀՀ արտասահմանյան տարածաշրջանային ուսումնասիրությունների և արտաքին քաղաքականության ամբիոնի դոցենտ

Անցած շաբաթվա վերջում 83 հայ մասնագետներ (նախևառաջ սակրավորներ և բժիշկներ) Հալեպ են ժամանել։

Հայաստանի իշխանությունը պետք է ուշադիր հետևի Մերձավոր Արևելքի իրադարձություններին.արաբագետ

Սիրիայում նրանք զբաղվելու են ականազերծման աշխատանքներով, ինչպես նաև մարտական գործողությունների գոտուց դուրս բուժօգնություն ցուցաբերելով։ Սա մարդասիրական առաքելություն է. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմիցս ընդգծել է, որ հայ մասնագետները ներգրավված չեն լինելու մերձարևելյան երկրի ռազմական առճակատմանը։

Առաքելության նպատակն ու խնդիրը, նրա խոսքով, քաղաքացիական բնակչությանը օգնություն տրամադրելու շրջանակներից դուրս չեն։ Սակայն, հաշվի առնելով Սիրիայի շուրջ ստեղծված իրավիճակի լրջությունը, պաշտոնական Երևանի ակցիան անմիջապես ուշադրություն գրավեց ինչպես հանրապետության ներսում, այնպես էլ երկրից դուրս։

Սիրիան Հայաստանի համար. անցյալն ու ներկան

Նախևառաջ, Հայաստանի համար սիրիական ուղղությունը առանձնահատուկ նշանակություն ունի, ինչպես անցյալում, այնպես էլ հիմա։

Ժամանակը եկել է․ Հայաստանը պետք է մարդասիրական ակտիվություն դրսևորի Սիրիայում

Մինչ օրս և՛ ակադեմիական պատմագրության, և՛ գեղարվեստական գրականության, և՛  սփյուռքահայերի և հանրապետությունում բնակվող հայերի զանգվածային գիտակցության մեջ 1915 թվականին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած ողբերգական դեպքերի ժամանակ սիրիացիների օգնությունն իրենց նախնիներին անհավանական բարձր գնահատականի է արժանանում։

2000 թվականին պաշտոնական Երևանի և Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հովանավորությամբ ի նշան երախտագիտության Հալեպի բնակիչներին հուշարձան էր կանգնեցվել։ Անկախ Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանը ծնվել է 1945 թվականի հունվարի 9-ին՝ Սիրիայի հենց այս քաղաքում.  1946 թվականին նրա ընտանիքը տեղափոխվել է այն ժամանակվա Հայկական ԽՍՀ։

2011 թվականին, երբ Սիրիայում լայնածավալ զինված հակամարտություն սկսվեց Սիրիայի հայ համայնքը հարվածի տակ հայտնվեց։

Սիրիահայերը նույնպես ներգրավված էին արմատական իսլամիստական խմբավորումների դեմ պայքարում։ 2012 թվականի սեպտեմբերին TheDailyTelegraph ազդեցիկ բրիտանական պարբերականը թողարկեց «Սիրիա. քրիստոնյաներն առաջին անգամ զենք են վերցնում» խոսուն վերնագրով հոդվածը։ Հոդվածի հեղինակներն այն ժամանակ մեջբերում էին արել Հալեպում ապրող հայերից մեկի խոսքերը. «Այստեղ բոլորը բոլորի դեմ են կռվում։ Հայերը «Սիրիայի ազատ բանակը»  կապված են համարում Թուրքիայի հետ, որը հատուկ է իրենց դեմ ուղղում այդ ուժը։ Քրիստոնյաներն ուզում են պաշտպանել իրենց բնակության վայրը»։

Հայաստանը Սիրիայից ամենաշատ փախստական ընդունած երկրների եռյակում է

Հայաստանը մոտ 22 հազար սիրիահայ ընդունեց, ինչը 3 միլիոն բնակչություն (հաշվի առնելով բարձր աշխատանքային միգրացիան այս թիվը նույնիսկ ուռճացված է) ունեցող և ծանր սոցիալ-տնտեսական վիճակում գտնվող երկրի համար հեշտ չէր։ TheEconomist ազդեցիկ պարբերականի տվյալներով (2015 թվականի սեպտեմբեր)` Հայաստանը ընդունած սիրիահայերի թվով այն ժամանակի դրությամբ զիջում էր միայն եվրոպական երկու երկրի` Գերմանիային և Շվեդիային։

Այսօր ԵԱՏՄ–ին Հայաստանի միացման պատճառների մասին բանավեճերի ժամանակ շատերը խոսում են Մոսկվայի կողմից առկա քաղաքական ճնշման մասին՝ որպես վճռորոշ գործոն, որը կանխորոշեց Երևանի ընտրությունը։ Պարզ է, որ դիվանագիտական փոխգործակցությունը ամենից զատ նաև որոշակի պրեսինգ է ենթադրում, և դա հաստատ ռուսական նորամուծություն չէ։

Չենք պաշտպանում ՀՀ-ի և ՌԴ-ի համագործակցությունը Սիրիայում.ԱՄՆ Պետքարտուղարության պատասխանը

Այլապես, ո՞նց կարելի է գնահատել ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլտոնի կամ Երևանում իր դեսպանական առաքելությունն ավարտած Ջոն Միլզի վերջերս արված հայտարարությունները` արցախյան կարգավորման կամ հայ–իրանական և հայ–ռուսական երկկողմ հարաբերությունների հեռանկարների վերաբերյալ։

Ահա և 2019 թվականի փետրվարի 13-ին ԱՄՆ պետդեպը հայտարարեց, որ չի աջակցում Երևանի մարդասիրական առաքելությանը Սիրիայում։ Հանպատրաստից արված հայտարարություն չի կարելի անվանել նաև փետրվարին ԱՄՆ պետդեպի արած հայտարարությունը. «Մենք նաև չենք աջակցում այդ առաքելությունն իրականացնելու հարցում Հայաստանի և Ռուսաստանի համագործակցությանը»։

Հարց է առաջանում, ինչո՞ւ ԱՄՆ–ն Երևանին չէր քննադատում Կոսովոյում, Իրաքում, Աֆղանստանում ռազմական (ոչ թե մարդասիրական) առաքելություններում ներգրավված լինելու համար։

Թեև, պատասխանն ակնհայտ է. այնտեղ Մոսկվայի հետ համագործակցության խնդիր չկար, իսկ աշխարհաքաղաքական դասավորվածության հետ կապված հարցերում առաջատար դերը պատկանում էր (և այժմ էլ պատկանում է) Վաշինգտոնին։

Մարդասիրական առաքելություն և աշխարհաքաղաքական ֆոն

Ակնհայտ է, որ 2013 թվականին Հայաստանի ղեկավարության ընտրության վրա ազդում էին նաև այնպիսի գործոններ, ինչպես Սիրիայում աճող ապակայունացումն ու հակամարտությանը ոչ միայն ԱՄՆ–ի, այլև Թուրքիայի հավանական ներգրավման հարցը։ Ավելի քան 5 տարի է անցել։ Երևանում փոխվել է կառավարությունը, նրանցից շատերը, ովքեր քաղաքական որոշումներ էին ընդունում, լքել են գործադիր իշխանության մարմիններն ու ԱԺ–ն։

ՀՀ-ն ու ԱՄՆ-ն միասնաբար ջանում են արձագանքել Սիրիայում ընթացող հումանիտար աղետին. ԱԳՆ

Սակայն ինչպես ասացվածքային բնորոշում տվեց լրագրող Դավիթ Պետրոսյանը, «Հայաստանում փոխվել է իշխանությունը, սակայն ոչ աշխարհագրությունը»։ Այդ իսկ պատճառով նրանք, ովքեր դեռ երեկ ԵԱՏՄ–ին երկրի մասնակցության իրավաչափության մասին հարց էին բարձրացնում, այսօր աջակցում են և՛ այդ կառույցին անդամակցելը, և՛ Սիրիային մարդասիրական առաքելություն ցուցաբերելը, ինչը օբյեկտիվորեն նպաստում է հայ–ռուսական ռազմավարական հարաբերությունների ամրապնդմանը։

Պատահական չէ, որ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարեց, որ Հայաստանն «առաջինն էր, որ արձագանքեց սիրիական ժողովրդին օգնելու մեր կոչին»։

Հայաստանն առաջինն արձագանքեց Սիրիային օգնելու կոչին. Շոյգու

ՀԱՊԿ անդամ մյուս պետությունները Մերձավոր Արևելքի խնդիրների հանդեպ ավելի զգուշավոր դիրք են զբաղեցնում։ Բնականաբար, ՌԴ դաշնակիցները Ռուսաստանի մոտեցումները չեն դատապարտում, սակայն չեն էլ շտապում լիովին աջակցել դրանց։  Հայաստանի գործողություններն այդ ֆոնին աչքի են ընկնում։

Ակնհայտ էր, որ Հայաստանի ներսում` Հալեպում առաքելության տեղակայման մասին որոշումը ոչ միանշանակ են ընդունելու։ Մի շարք հայ քաղաքական գործիչներ, հասարակական ակտիվիստներ մտավախություն ունեն, որ սիրիական ուղղությամբ տարվող գործողությունները կարող են ԱՄՆ–ի դժգոհությունն առաջացնել։ Սակայն, մի՞թե Արցախի վերաբերյալ «առանձնակի դիրքորոշումը» նույնն անել չի կարող։

Հռետորական հարց է։

Աշոտյան.«Սիրիա հայկական առաքելություն ուղարկելու հետևում Նիկոլ Փաշինյանի անձնական շահն է»

Հայաստանի իշխանությունները սեփական տրամաբանությունն ունեն։ Սիրիայում Ռուսաստանին աջակցելով` Երևանը փորձում է հնարավորինս օգնել դեռ այնտեղ բնակվող հայ համայնքին։

Նկատելի է նաև արցախյան հակամարտության հարցում Մոսկվայի աջակցությունը ստանալու, ինչպես նաև երկրների միջև վստահությունը ամրապնդելու ձգտումը։ Չափից դուրս ուժեղ էր Մոսկվայում «թավշյա հեղափոխությունից» ստացված հոգեբանական ազդեցությունը, այստեղից էլ բխում է այն, որ պարբերաբար միմյանց մոտիվները հասկանալու հարցում բարդություններ են առաջանում։  Ամեն դեպքում Երևանի սիրիական առաքելությունը Փաշինյանի թիմի հաջող արտաքին քաղաքականության մանևրումների ևս մեկ օրինակ է։