Նոբելյան՝ աստղաֆիզիկայի բնագավառում. ովքե՞ր են արժանացել Վիկտոր Համբարձումյանի մրցանակին

«Զանգվածեղ կրկնակի աստղերի, հատկապես ռելատիվիստական կրկնակիների և գրավիտացիոն ալիքների աղբյուրների ձևավորման ոլորտում առաջնային ուսումնասիրությունների համար» Ամստերդամի համալսարանի Անտոն Պանեկուկի անվան աստղագիտության ինստիտուտի պրոֆեսոր Էդվարդ Վան Դեն Հոյվելը, ՌԴ ԳԱ աստղագիտության ինստիտուտի պրոֆեսոր Ալեքսանդր Տուտուկովը և ՌԴ ԳԱ աստղագիտության ինստիտուտի պրոֆեսոր Լև Յունգելսոնը արժանացել են Վիկտոր Համբարձումյանի անվան մրցանակին:
Sputnik

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել է Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակի հանձնման արարողությանը:

Մինչ հանդիսավոր արարողության մեկնարկը վարչապետը հանդես է եկել ելույթով:

Ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակն աստղագիտության և աստղաֆիզիկայի և հարակից գիտությունների կարևոր մրցանակներից է: Այն շնորհվում է որևէ երկրի և ազգության ֆիզիկամաթեմատիկական գիտությունների ոլորտում նշանակալից ներդրում ունեցող ականավոր գիտնականներին:

Մրցանակը շնորհվում է 2010 թ. ի վեր՝ յուրաքանչյուր 2 տարին մեկ անգամ. 2010-2016 թթ. ՀՀ կառավարության կողմից այն սահմանվել է 500.000 ԱՄՆ դոլար, 2018 թ. սկսած՝ 300.000 ԱՄՆ դոլար:

Մրցանակի համար շնորհվում են մրցանակի դափնեկրի դիպլոմ, պատվոնշան՝ այն հավաստող հավաստագրով, 200.000 ԱՄՆ դոլարի չափով դրամական պարգև և 100.000 ԱՄՆ դոլարի չափով դրամական միջոցներ, որոնք մրցանակը ստանալուն հաջորդող 2 տարում օգտագործվում են Հայաստանում աստղաֆիզիկայի, ֆիզիկայի և մաթեմատիկայի բնագավառների հետագա զարգացման համար: