Սուրեն Պապիկյանը Շիրակի նոր մարզպետին ներկայացրեց մարզի` լուծում չգտած խնդիրները

Նախարարը վստահ է, որ Տիգրան Պետրոսյանին Շիրակի մարզը վստահելը կառավարության լավագույն որոշումներից էր։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի — Sputnik, Արմենուհի Մխոյան. ՀՀ  տարածքային կառավարման և զարգացման նախարար  Սուրեն Պապիկյանը Շիրակի նոր մարզպետի հետ արդյունավետ համագործակցության հույս ունի։ Այս մասին այսօր նա ասաց Շիրակի մարզպետարանի նիստերի դահլիճում, երբ ներկայացնում էր նորանշանակ Տիգրան Պետրոսյանին։

Պետրոսյան. «Շիրակի մարզի ամենաչօգտագործված ռեսուրսը մարդն է»

«Ես վստահ եմ, որ առաջիկա տարիների ընթացքում մեր համատեղ տքնաջան աշխատանքի արդյունքում Շիրակի մարզը դառնալու է կարևոր տնտեսական կենտրոններից մեկը: Այդ պոտենցիալը մարզն ունի թե՛ մարդկային հնարավորություններով և  թե՛  աշխարհագրական դիրքով: Այդ գործում նորանշանակ մարզպետն ու իր աշխատակազմը մեծ անելիք ունեն: Ես վստահ եմ, որ Տիգրան Պետրոսյանին նշանակելով Շիրակի մարզպետ, մենք կայացրել ենք լավագույն որոշումներից մեկը, քանի որ նա իր  հասարակական և քաղաքացիական գործունեության ընթացքում ցույց է տվել, որ նվիրյալ հայորդի  է, ՀՀ  լավ քաղաքացի, լավ շիրակցի ու լավ գյումրեցի։ Նրա նվիրումով ու աշխատանքով մենք լավ ցուցանիշներ  ենք արձանագրելու»,-նշեց ՀՀ  տարածքային կառավարման ու  զարգացման նախարարը՝ շնորհավորելով պարոն Պետրոսյանին ու  մաղթելով հաջողություն պատասխանատու և պատվաբեր գործում:

Նախարարը  նաև նորանշանակ մարզպետին ներկայացրեց այն խնդիրները, որոնք  բարձրաձայնվել են նախկինում, բայց լուծում չեն գտել: Դա  հիմնականում առնչվում է զբոսաշրության զարգացման հետ: «Մենք  խնդիր ենք դրել, որ մայրուղիների վրա գտնվող տնտեսվարող սուբյեկտներն իրենց տարածքներում ունենան օրենքով սահմանված սպասարկման հատվածներ՝  խոսքը վերաբերում է սանհանգույցներին: Սա մեր «ամոթներից» մեկն է, մի խայտառակ իրավիճակ»,-նշեց նախարարը՝ հրահանգելով նորանշանակ մարզպետին հետևողական լինել:

Կառավարությունը պաշտոնից ազատեց Տավուշի ու Շիրակի մարզպետներին

Շիրակի նորանշանակ մարզպետ Տիգրան Պետրոսյանը շնորհակալություն հայտնեց այն մեծ  վստահության համար, որ  ընձեռված է իրեն`Շիրակի մարզը  ղեկավարելու գործում: «Շիրակի մարզը խնդիրներով հարուստ է, բայց գիտենք առաջնային է աղքատության մակարդակն ու անօթևանության խնդիրը, բայց մարզը նաև հարուստ է հնարավորություններով: Մեր գործն է այդ հնարավորությունները վերածել գործիքների, որոնք պետք է լուծեն խնդիրներ: Ներդրումային ֆոնդի զարգացումն ու զբոսաշրջությունն այն գործիքներն են, որոնք  այսօր կօգնեն այդ խնդիրները հաղթահարել»,-նշեց մարզպետը՝ ընդգծելով, որ այն մարդիկ, ովքեր պատրաստ են մարզում ներդրումների, պետք է զգան ՀՀ կառավարության աջակցությունը:

Հիշեցնենք`հունվարի 31–ի իր նիստում ՀՀ կառավարությունը Տավուշի և Շիրակի մարզերում նոր մարզպետներ նշանակեց։ Այսուհետ Տավուշի մարզը կղեկավարի Հայկ Չոբանյանը, իսկ Շիրակի մարզը` Տիգրան Պետրոսյանը։