Որոշված է`«Շիրակ» հեռուստաընկերությունը կփակվի, բայց աշխատակիցները գործազուրկ չեն դառնա

ԱԺ–ում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև «Շիրակ» հանրային հեռուստաընկերության խնդրին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի — Sputnik. «Շիրակ» հանրային հեռուստաընկերության աշխատակիցները գործազուրկ չեն դառնա: ԱԺ-ում կառավարության ծրագրի ներկայացումից հետո, պատասխանելով պատգամավորների հարցերին, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը բացառեց, որ կառավարությունը կվերանայի հեռուստաընկերությունը լուծարելու մասին օրեր առաջ ընդունած որոշումը, բայց վստահեցրեց, որ առնվազն առաջիկա տարիներին «Շիրակի» աշխատակիցներն աշխատանքից չեն զրկվի:

60 գյումրեցի մնացին անգործ. լուծարվել է «Շիրակ» հանրային հեռուստառադիոընկերությունը

«Մենք ունենք պայմանավորվածություն ներդրողի հետ, որ կառավարությունը «Շիրակ» հանրային հեռուստաընկերության ակտիվները կօտարի այդ ներդրողին, և նա այդ աշխատատեղերը կպահպանի առնվազն առաջիկա մի քանի տարիների ընթացքում կամ նաև դրանից հետո: Այնպես որ, այդ մարդիկ առանց աշխատանքի չեն մնա»,- ասաց Փաշինյանը։

Մեկնաբանելով հեռուստաընկերությունը լուծարելու որոշումը` Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այն ստեղծվել էր այն տարիներին, երբ հանրային հեռուստաընկերությունը սփռման խնդիր ուներ ու այդ տարածաշրջանում անհրաժեշտություն էր առաջացել ունենալու հանրային հեռուստաընկերության առանձին մասնաճյուղ: Այսօր այլևս դրա կարիքը չկա: Բացի այդ, վարչապետի համոզմամբ, ճիշտ չէ, երբ հանրային հեռուստաընկերությունը մասնաճյուղ է ունենում հանրապետության մեկ առանձին մարզում:

«Եթե մենք գործազրկության խնդիր ենք լուծում, եկեք հանրային հեռուստաընկերության մասնաճյուղեր բացենք բոլոր մարզերում և մարդկանց ընդունենք աշխատանքի: Ես էլ կգամ ու հպարտ-հպարտ կասեմ, որ աշխատատեղեր ենք բացել: Բայց մենք գիտենք, որ դա սխալ է»,- ասաց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը վստահեցրեց, որ նոր ներդրողի հետ կառավարության պայմանավորվածությամբ «Շիրակ» հանրային հեռուստաընկերությունը շարունակելու է աշխատել։

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության հունվարի 31-ի նիստում որոշում է կայացվել լուծարել «Շիրակի հանրային հեռուստառադիո» փակ բաժնետիրական ընկերությունը: