Ի՞նչ է անելու նոր ստեղծվող հակակոռուպցիոն մարմինը. Փաշինյանը որոշ անհանգստություններ ունի

Վարչապետի խոսքով` նորաստեղծ մարմինը գործելու է ոչ թե որպես հետաքննական մարմին, այլ որպես պաշտոնյայի լիազոր ներկայացուցիչ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի — Sputnik. Հայաստանում կստեղծվի նոր հակակոռուպցիոն մարմին: Այս մասին այսօր խորհրդարանում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` ներկայացնելով ՀՀ կառավարության գործունեության 5-ամյա ծրագրում կոռուպցիայի դեմ պայքարի հիմնական դրույթները:

«ՀՀ ցանկացած պետական պաշտոնյա և պետական պաշտոնի հավակնող ցանկացած մարդ ՀՀ լիազոր մարմնին պետք է տա նոտարական կարգով հաստատված լիազորագիր, որ այդ մարմինը աշխարհի ցանկացած տեղում իր անունից կարող է փնտրել, գտնել, արձանագրել իր ունեցած գույքի ծավալը, տեղաբաշխումը և այն ներկայացնել ՀՀ հանրությանը»,- ասաց Փաշինյանը:

ՀՀ ոստիկանությունը 2018 թվականին կոռուպցիայի ավելի շատ դեպք է բացահայտել, քան 2017–ին

Վարչապետի խոսքով` նորաստեղծ մարմինը գործելու է ոչ թե որպես հետաքննական մարմին, այլ որպես պաշտոնյայի լիազոր ներկայացուցիչ:

«Եվ այն պաշտոնյան կամ պաշտոնի հավակնող մարդը, որը կհրաժարվի նման լիազորագիր տրամադրել, կզրկվի պաշտոն զբաղեցնելու իրավունքից»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ արդեն մի քանի ամիս է, ինչ իրավաբանների հետ քննարկվում է այն հարցը, թե արդյոք դրանով չի ոտնահարվում մարդկանց իրավունքները: «Ես կարծում եմ, որ` ոչ, չենք ոտնահարում մարդկանց իրավունքները, որովհետև մենք բոլոր մարդկանց չենք պարտադրում այդպես վարվել, մենք պարտադրում ենք այն մարդկանց, ովքեր հավակնում են ծառայություններ մատուցել ՀՀ ժողովրդին։ Եվ ժողովրդի համար պետք է թափանցիկ լինի, թե այդ մարդը մինչ պաշտոնը ստանձնելը ինչ ուներ, ընթացքում ինչ ունի»,- ասաց Փաշինյանը:

Թե նորաստեղծ մարմինն ինչ լիազորություններ ու առաքելություններ է ունենալու, վարչապետի խոսքով, դեռ քննարկման փուլում է:

Ինչ վերաբերում է հետհեղափոխական հակակոռուպցիոն պայքարին, այն Փաշինյանի դիտարկմամբ, որոշակի տեղապտույտում է գտնվում: ՀՀ վարչապետը քննչական մարմիններին կոչ արեց ակտիվացնել պայքարն այս ուղղությամբ:

Հիշեցնենք` վարչապետ Փաշինյանն այսօր ԱԺ-ում է` ներկայացնելու ՀՀ կառավարության առաջիկա 5 տարվա գործունեության ծրագիրը:

Ծրագիրը կառավարությունը հաստատել էր փետրվարի 8-ի նիստում ու այն ուղարկել խորհրդարանի հաստատմանը: