Ամանորի գիշերը Արցախում նռնակ է պայթել, ժամկետային զինծառայողներ են վիրավորվել. ՔԿ

Զորամասում նռնակի պայթյունից հետո զինվորները պայթյունաբեկորային վնասվածքներ են ստացել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի – Sputnik. 2018 թվականի դեկտեմբերի 31-ին՝ ժամը 03:50-ի սահմանում, զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում ռազմամթերքի՝ նռնակի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով առաջացած պայթյունից պարտադիր ժամկետային զինծառայողներ են վիրավորվել։ Այս տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեցին ՀՀ քննչական կոմիտեից։

Ինչո՞ւ է բանակում պայմանագրային զինծառայող մահացել, և ինչու են թաքցրել փաստը. ՄԻՊ-ը կճշտի

Sputnik Արմենիայի հավաստի տեղեկություններով` դեպքը տեղի է ունեցել Արցախի զորամասերից մեկում։

Պայթյունի հետևանքով Ս.Թորոսյանը, Մ.Մանուկյանը և Ա.Մարաբյանը ստացել են պայթյունաբեկորային մարմնական վնասվածքներ և տեղափոխվել զինվորական հոսպիտալ:

Դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

Panorama.am-ի տեղեկություններով՝ վիրավոր զինծառայողներից մեկը դեռ հոսպիտալում է։

Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ Ամանորի գիշերը հրազենային վնասվածքից մահացել է պայմանագրային զինծառայող Էդգար Գրիգորյանը։ Այս տեղեկությունը ՊՆ–ն հաստատեց օրեր առաջ։