Խաբեությամբ ՀՀ–ում հայտնված հնդիկները վերադարձել են Հնդկաստան. 2 մեղավորի ձերբակալել են

Հայաստանում Հնդկաստանի դեսպանատունը հայտարարություն է տարածել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի – Sputnik. Հնդկաստանի չորս քաղաքացիները, որոնք հնդկական տուրիստական գործակալությունների խաբեության հետևանքով դժվար կացության մեջ էին հայտնվել Հայաստանում, ուղարկվել են հետ՝ Հնդկաստան: Twitter–ում այս մասին գրել է Հայաստանում Հնդկաստանի դեսպանատունը:

«Հնդկաստանի չորս քաղաքացիներն այսօր ուղարկվել են հետ՝ Հնդկաստան»,- նշված է փետրվարի 8-ին հրապարակված գրառման մեջ։

​Փենջաբ նահանգի ղեկավար Ամարինդեր Սինխն էլ Twitter–ում գրել է, որ տեղի ոստիկանությանը կարգադրել է հետևել հետաքննության ընթացքին:

«Քափուրթալա քաղաքի ոստիկանությունը ձերբակալել է 5 մեղադրյալներից 2-ին: Մյուսները ևս շուտով կձերբակալվեն: Փենջաբի ոստիկանությունն իմ հանձնարարականներով ուսումնասիրում է դեպքը»,- գրել է նա` ի պատասխան Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուշմա Սվարաջի հայտարարության, որում արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հայտնել էր, թե Փենջաբի ղեկավարը խոստացել է անմիջապես քայլեր ձեռնարկել դեպքի առնչությամբ:

​Հնդկական լրատվամիջոցներն ավելի վաղ հայտնել էին, որ Փենջաբ նահանգի 4 երիտասարդներ անելանելի իրավիճակում են հայտնվել: Հրապարակված տեսանյութում երիտասարդները պնդում են, որ 5 օր հաց չեն կերել, իսկ տանտերը պահանջում է դուրս գալ տնից: Ըստ ԶԼՄ–ների` այդ հնդիկները Հայաստանում են հայտնվել հնդկական տուրիստական գործակալության տրամադրած վիզայի միջոցով աշխատելու նպատակով, սակայն նրանց չի հաջողվել Հայաստանում աշխատանք գտնել:

Դեպքը նաև հնդիկ պատգամավորների ուշադրության կենտրոնում է. նրանք աշխատում են ապօրինություն թույլ տված հնդկական զբոսաշրջային յոթ գործակալներին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ: Նրանցից 6-ն արդեն հրավիրվել են Փենջաբ նահանգի Կապուրտալա քաղաքի ոստիկանություն: