«Վեոլիա ջուր» ընկերությանը տուգանվեց 10 միլիոն դրամով

ՀԿ–ների ներկայացուցիչները կոչ են արել ջրամատակարարման խնդիրների մանրամասն քննարկում կազմակերպել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի — Sputnik. Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) այսօր «Վեոլիա ջուր» ընկերությանը 10 միլիոն դրամով տուգանեց գործունեության ընթացքում թույլ տված խախտումների, մասնավորապես ջրի միացումն ուշացնելու համար։

Խմելու ջրի սակագինն այս տարի չի բարձրանա. կառավարությունը «Վեոլիա ջրին» կվճարի ապառիկով

Որոշումն ընդունվեց խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման կանոնները խախտելու համար։

«Սպառողների խորհրդատվությունների կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Կարեն Չիլինգարյանը, որը ներկա էր նիստին, նշեց, որ ընկերությունը նման խախտման համար առաջին անգամ է տուգանվում։

«Ո՞րն է խնդիրը, ինչո՞ւ են նման հարցեր ծագում», – ասաց Չիլինգարյանը։

«Վեոլիա ջուր» ընկերության ներկայացուցիչը նշեց, որ տեխնիկական որոշակի հարցեր և խնդիրներ կան կապալառուների հետ։

ՀԾՀԿ–ն «Վեոլիա ջուր» ընկերությանն արդեն տուգանել էր 20 միլիոն դրամով չափից բարձր գնով ավելի քան 30 հազար ջրաչափ գնելու և տեղադրելու համար։

Հիշեցնենք, որ 2017թ–ից «Վեոլիան» կառավարում է Երևանում և այլ մարզերում ջրամատակարարման ցանցը։ Կոնցեսիոն պայմանագիրը կնքվել է 15 տարով։