Հատուկ ԿԳ նախարարի և Սաքունցի համար. ասք կղերական պետության և զարգացած Եվրոպայի մասին

Sputnik Արմենիայի սյունակագիրն անդրադարձել է Արարատի մարզի դպրոցներից մեկում տեղի ունեցած սկանդալին, որը համացանցում հայտնի է «կրթության և գիտության նախարարի պատերազմը քահանայի ու հայ եկեղեցու դեմ»։
Sputnik

Արդեն մի քանի ամիս է տագնապով հետևում եմ մեր եկեղեցու շուրջ կատարվող իրադարձություններին։ Լինելով ոչ այդքան հավատացյալ մարդ` սկզբից ուղղակի հետևում էի։ Ի վերջո, խայտառակ իրադարձությունները ծավալվում են ոչ թե հենց եկեղեցու շուրջ, այլ կոնկրետ հոգևորականների, անգամ բարձրաստիճան։

Բայց հիմա գյուղի դպրոցում տեղի ունեցած սկանդալից հետո, երբ մայրաքաղաքում նստող մեծ պետը (ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյան` խմբ.) դասարանից դուրս է արել քահանային, իսկ պաշտոնյային կոկորդը պատռելով պաշտպանում է պարոն Արթուր Սաքունցը (իրավապաշտպան, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար` խմբ.), պարզ է դառնում, որ արդեն չի կարելի ուղղակի հետևել այս ամենին։ Որովհետև ընթանում է նպատակաուղղված հարձակում, ընդ որում, հարվածում են այն տեղին, որը 1700 տարուց ավելի անհասանելի է եղել թշնամիների համար։

Տեր Ասողիկ. «Հիտլերն էլ էր հավատում գեղարդի առասպելական ուժին»

Ինչո՞ւ են անհանգստանում Սաքունցն ու ընկերները։ Պարզվում է, որ մենք ոչ թե V դարում ենք ապրում, այլ XXI։ Մեր եկեղեցին առանձին է պետությունից։ Ո՞վ է թույլ տվել քահանային մտնել դպրոց։ Ճիշտ են արել, որ դուրս են արել։ Հոգևորականն իրավունք չունի նույնիսկ օրհնել երեխաներին առանց նրանց համաձայնության։ Եվ այլն, և այլն։ Մի խոսքով` ծիծաղելի պահանջներ, ինչպես ասում են`տրենդի մեջ։ Ինչպես Եվրոպայում։ Ամենաարևմտյան։ Բարոյապես քայքայված։ Աստծուն մոռացած։

Անձամբ ինձ համար պարզ է, թե որտեղի՞ց է փչում այդ քամին, և ի՞նչ նպատակներ է հետապնդում եկեղեցու դեմ արդեն երկար ժամանակ ընթացող այս արշավը։ Անհայտ է մնում մեկ այլ հարց` իսկ ինչու։ Փորձելով մեզ դարձնել մանկուրտներ` նրանք ձգտում են դեպի Եվրոպա, իբր տեսեք, թե ումից ենք օրինակ վերցրել։

Լավ, համաձայն եմ։ Օրինակ վերցրեք Գերմանիայից` արևմտյան քաղաքակրթության առաջատարից։

Որդիս, ի տարբերություն ինձ, կարգին մասնագիտություն է ընտրել իր համար` դարձել է ՏՏ ոլորտի մասնագետ և հիմա պայմանագրով աշխատում է Գերմանիայի պատկառելի կորպորացիաներից մեկում։ Կադրերի բաժնում, երբ լրացրել են հարցաթերթիկը, հասնելով «դավանանք» տողին (նրանք այդպիսի տող ունեն), աշխատակցուհին հետաքրքրվել է.

– Կաթոլի՞կ եք, թե բողոքական։

– Հայ առաքելական եկեղեցի, – հպարտորեն հայտարարել է որդիս, – ձեր դասակարգմամբ` օրթոդոքս։

– Շատ լավ, այդպես էլ կգրենք` «առանց հավատի»։

Չի կարելի առարկաների քանակը կրճատել. Անահիտ Բախշյանը` կրթական համակարգի մասին

– Ի՞նչ է նշանակում առանց հավատի, մենք...

– Հանգստացեք, Միքայել, դա ձեր շահերից է բխում։ Եթե կաթոլիկ կամ բողոքական լինեիք, անկախ քաղաքացիությունից աշխատավարձի երեք տոկոսը կգնա եկեղեցու հիմնադրամին, – եղել է պատասխանը։

Եկեղեցին ինչպե՞ս է տնօրինում այդ միջոցները։ Օրինակ` հովանավորում է մանկապարտեզին, ուր մեր կրտսեր թոռնուհուց բացի հաճախում են ոչ միայն քրիստոնյա երեխաներ։ Դպրոցները նույնպես սերտ կապի մեջ են եկեղեցու հետ։ Երբ ավագ թոռնիկս` 4–րդ դասարանի աշակերտուհի, սկսեց ինձ մանրամասն պատմել Մարտին Լյութերի մասին` ասել, թե ես խիստ զարմացել էի, նշանակում է ոչինչ չասել։

«Նրանք դպրոցում են անցնում, – բացատրեց որդուս կինը, – կրոնի պատմության դասերին»։

Այո, հարգելի նախարար Արայիկ Հարությունյան։ Այդ «շաբաշը» տեղի է ունենում 21–րդ դարում, մեր օրերում։ Գերմանիայում։ Ամենաարևմտյան։ Ձեր ասած «զիբիլիցան» ուսումնասիրելուց հետո երեխաներին սկսում են դասավանդել քրիստոնեության հիմքեր։ Ոչ բոլորին, իհարկե։ Աթեիստները և այլ կրոնների ներկայացուցիչներն այդ ժամանակ գնում են գեղագիտության դասերի։

Սուրբ ծնունդի նախօրեին դպրոցի մոտ գտնվող եկեղեցում աշակերտների ուժերով տեղի է ունեցել թատերականացված ներկայացում` աստվածաշնչյան թեմայով։ Հենց եկեղեցում, որը լեփ–լեցուն է եղել։ Մայրիկներին, հայրիկներին, պապիկներին ու տատիկներին բուկլետներ են բաժանել` եկեղեցական երգերով, և նրանք երեխաների հետ միասին երգել են։

Աշակերտները քահանայի և ուսուցիչների ղեկավարությամբ մի ամբողջ ամիս պատրաստվել են այդ ներկայացմանը և փորձեր արել։ Ընդ որում, դերեր վստահել են միայն նրանց, ովքեր առաջադիմություն են ցուցաբերել ուսման մեջ։

Հատուկ ԿԳ նախարարի և Սաքունցի համար. ասք կղերական պետության և զարգացած Եվրոպայի մասին

Պարոն Սաքունց, միգուցե հենց այդ պատճառով է Գերմանիայում կարգուկանոն տիրում, գերակայում է օրենքը և այն հիրավի համարվում է Եվրոպայի տնտեսության լոկոմոտիվը։ Իսկ դուք ձեր դրամաշնորհներով հեքիաթներ եք պատմում մեզ հինգերորդ դարի և կղերական պետության մասին։

Հ.Գ. Փորձերի ժամանակ, զգալով թոռնիկիս թեթև ակցենտը, քահանան հետաքրքրվել է, թե նա ծնունդով որտեղից է։

– Օ, Հայաստանից։ Այդ դեպքում քեզ կտանք գլխավոր դերը` առաջին հրեշտակը։

– Ինչո՞ւ նրան, – դժգոհել են գերմանացի համադասարանցիները, որոնք երազել են այդ դերի մասին։

– Ամեն ինչ արդար է, երեխաներ։ Անին ծնվել է Հայաստանում։ Այն Քրիստոնեություն ընդունած առաջին երկիրն է։ Դուք պետք է իմանաք և միշտ հիշեք դա, – եղել է պատասխանը։