ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի — Sputnik, Աշոտ Սաֆարյան. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Իրան կատարելիք այցը կարևոր ուղենիշ կարող է դառնալ երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման համար։ Սա վարչապետի պաշտոնում Փաշինյանի առաջին այցն է հարևան պետություն։
ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանի կարծիքով` Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական փոփոխությունների արդյունքում Թեհրանի հետ հարաբերություններում որոշակի դադար է գրանցվել։
«Չի կարելի ասել, որ այդ հարաբերությունները վատացել են, բայց զարգացման դինամիկան դանդաղել է։ Պետք է հնարավորինս արագ վերացնել այդ բացթողումը, իսկ առաջին դեմքերի մակարդակով հանդիպումն այդ խնդրի լուծման լավագույն միջոցն է», – ասաց նա Sputnik Արմենիայի հետ զրույցում։
Ոսկանյանը ենթադրում է, որ առաջին հերթին պետք է շեշտը դնել քաղաքական բաղադրիչի վրա Իրանի դեմ ԱՄՆ–ի պատժամիջոցների պայմաններում։ Բացի այդ, Հայաստանում իշխանափոխությունից հետո Իրանի համար անհրաժեշտ է հասկանալ` ինչպես է Երևանը դրսևորելու իրեն այսօրվա իրողություններում։
Քաղաքական երկխոսության արդյունավետությունից է կախված նաև Իրանի հետ տնտեսական նախագծերի իրականացումը։ Առաջին հերթին խոսքը վերաբերում է Պարսից ծոց–Սև ծով տրանսպորտային միջանցքի ստեղծմանը, որի մի մասը պետք է անցնի Հայաստանի տարածքով։ Այդ խնդրի լուծումը թույլ կտա Երևանին զգալիորեն նվազեցնել թուրք–ադրբեջանական շրջափակման հետևանքները։ Ավելի վաղ իրանական կողմից այդ ուղղությամբ արդեն դրական ուղերձներ են եղել. Հայաստանի հետ աշխատելու պատրաստականության մասին դեռ 2018 թվականի սեպտեմբերին հայտնել էր Իրանի նախագահ Հասան Ռոհանին։ Նա հանդիպել էր Փաշինյանի հետ Նյու Յորքում ՄԱԿ–ի Գլխավոր վեհաժողովի նստաշրջանի ժամանակ։
«Տվյալ դեպքում հայկական կողմի խնդիրն է հստակ պայմանավորվածություններ ձեռք բերել Իրանի հետ։ Ադրբեջանը Հայաստանի մեկուսացման նպատակաուղղված ծրագիր է իրականացնում։ Մյուս կողմից էլ Թուրքիայի հետ փակ սահմանն է։ Այս իրավիճակում պետք է ապահովենք Հյուսիս–հարավ առանցքի աշխատանքը։ Այստեղ, իհարկե, կարևոր է նաև Վրաստանի դիրքորոշումը», – կարծում է իրանագետը։
Մեր զրուցակիցը ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, թե Իրանը որքան հավասարակշված դիրքորոշում ունի Հայաստանի համար շատ կարևոր հարցում, այն է` ղարաբաղյան հիմնախնդիրը։ Թեհրանն անմիջականորեն ընդգրկված չէ կարգավորման գործընթացում, բայց նրա գործոնը` որպես տարածաշրջանային ուժ, այդ համատեքստում շատ կարևոր է։
Օրինակ` Իրանը կտրականապես դեմ է, որ ղարաբաղյան հակամարտության գոտում խաղաղապահ ուժեր տեղակայվեն։ Հայաստանում նույնպես առանձնապես ոգևորությամբ չեն արձագանքում այդ գաղափարին։
Ոսկանյանը կարծում է, որ Հայաստանը կարող է թեկուզ թաքուն, բայց ստանալ Իրանի աջակցությունն ապագա դիվանագիտական մարտերում իր շահերը պաշտպանելու հարցում։ Այդուհանդերձ, փորձագետը Մինսկի ձևաչափի փոփոխման անհրաժեշտություն չի տեսնում։
Ինչ վերաբերում է ԱՄՆ–ի պատժամիջոցներին ու հայ–իրանական տնտեսական կապերի վրա ազդեցությանը, ապա, Ոսկանյանի կարծիքով, դրանք որոշ ռիսկեր են ստեղծում հայ գործարարների համար։ Բայց այդ ռիսկերը կառավարելի են, ու Հայաստանը ոչ մի դեպքում չպետք է հրաժարվի Իրանի հետ համագործակցությունն ընդլայնելու գաղափարից։ Այդ ընդլայնումն առաջին հերթին Հայաստանի շահերից է բխում։