Հայաստանը նախնական փուլում ռուսական 4 կործանիչ կգնի

Պաշտպանության նախարարությունը Ռուսաստանի հետ ստորագրել է կործանիչները ձեռք բերելու գործարքը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի – Sputnik. Նախնական փուլում Հայաստանը Ռուսաստանից 4 Սու-30ՍՄ բազմաթիրախային կործանիչ կգնի։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

Հայաստանը Ռուսաստանից նոր Սու-30ՍՄ կստանա 2020 թվականին. ԶԼՄ

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանի Հանրապետության կողմից ռուսաստանյան Սու–30ՍՄ ինքնաթիռների ձեռքբերման վերաբերյալ համապատասխան գործարքը ստորագրվել է։

ՌԴ կողմից սպառազինությունների ձեռքբերման նպատակով 100 միլիոն դոլար վարկի շրջանակում նախատեսված ձեռքբերումները գտնվում են իրականացման փուլում։

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը դեկտեմբերի 1–ին ռուսաստանցի լրագրողների հետ հանդիպմանը հայտնել էր, որ ինքնաթիռներ ձեռք բերելու գործընթացը մոտ է ավարտին։ Նա հաղորդել էր նաև, որ եզրափակիչ փուլում են 100 միլիոն դոլար ռուսական վարկի շրջանակում սպառազինություններ առաքելու մասին բանակցությունները։

Սու–30ՍՄ–ը ռուսական արտադրության բազմաթիրախային կործանիչ է։ Իր տեխնիկական և թռիչքային բնութագրերի շնորհիվ Սու-30ՍՄ–ը դասվում է 4++ սերնդի շարքը։ Այս մեքենայի գլխավոր նպատակը օդային տարածությունում գերիշխանություն հաստատելն է։ Այն կարող է կատարել իր առջև դրված առաջադրանքները` անկախ եղանակից և օրվա ժամից։