Կարմիր գիծ Արցախի հարցում. Կարասինն ուզում էր իմանալ Հայաստանի դիրքորոշո՞ւմը

Ռուսաստանի փոխարտգործնախարարը Հայաստան էր եկել երկօրյա այցով, սակայն հատկանշական է, որ մոտ կես օր նա անցկացրել է` զրուցելով իր հայ գործընկեր Զոհրաբ Մնացականյանի հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի –Sputnik, Դավիթ Գալստյան. ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի այցը Հայաստան, այլ նպատակներով հանդերձ, նպատակ ուներ ճշտելու Հայաստանի ոչ այդքան հասկանալի դիրքորոշումն արցախյան թեմայի շուրջ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը։

Նիկոլ Փաշինյանը խիզախ քայլ է արել Արցախի կարգավորման հարցում. Մերկել

«Կարասինի այցն ավելի շուտ ոչ պաշտոնական բնույթ էր կրում։ Դավոսում տեղի ունեցած հանդիպումից (Փաշինյան-Ալիև) և Նիկոլ Փաշինյանի ու Ջոն Բոլտոնի զրույցից հետո տպավորություն ստեղծվեց, որ ինչ-որ գործընթաց է գնում։ Շատերի մոտ, այդ թվում, հայ հասարակության շրջանում, մտավախություն կար։ Ռուսաստանը նույնպես լարված էր, թվում էր՝ արցախյան հակամարտության հարցում նախաձեռնությունն ուզում է ստանձնել ԱՄՆ-ն», – ասաց Բոզոյանը։

Նրա խոսքով` Ռուսաստանն ուզում է հասկանալ՝ ինչ ակնկալել ամենամոտ հեռանկարում, ինչպիսինն է Հայաստանի դիրքորոշումը բանակցային գործընթացի շրջանակում։

Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանը բանակցություներ չի վարում «տարածք խաղաղության փոխարեն» բանաձևով, խիստ զարմացրեց Ադրբեջանին։ Ադրբեջանի փորձագիտական շրջաններում չեն պատկերացնում՝ ինչ է տեղի ունենում։ Նույն վիճակն է նաև Հայաստանում...

Հիմա բավական հակասական գործընթաց է գնում, հասկանալի չեն այն սկզբունքները, որոնց վրա հիմնվում են բանակցությունները։ Հայաստանի իշխանությունները խուսափում են գնահատականներ տալ Մադրիդյան սկզբունքներին, սակայն որևէ այլ «հիմք» չեն նշում։

«Նշվում էր, որ Հայաստանն Արցախի անունից բանակցություններ չի վարի, սակայն Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները չորս հանդիպում են ունեցել։ Այդ դեպքում՝ ինչի՞ մասին են նրանք խոսում, չեմ կարծում, թե եղանակի», – նշեց Բոզոյանը։

Ինչ վերաբերում է ԵԱՀԿ ՄԽ-ին, ապա յուրաքանչյուր համանախագահող երկիր փորձում է ստանձնել գլխավոր միջնորդական առաքելությունը։ Վաշինգտոնը, Փարիզը և Մոսկվան մշտապես փոխարինում էին միմյանց այդ հարցում։

Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո «բոլտոնյան մոդելն էր» նշմարվում։ Նա, ըստ էության, տարածաշրջան այցելելուց հետո, սկսեց ակտիվորեն մասնակցել բանակցային գործընթացին` հայտարարելով հակամարտությունն արագ լուծելու անհրաժեշտության մասին։

Ինչո՞ւ որևէ մեկն Ադրբեջանին չի հարցնում՝ նրանք փոխզիջումների պատրա՞ստ են. Փաշինյան

ԱՄՆ-ի ակտիվությունն այս փուլում Ռուսաստանում մտահոգություններ առաջացրեց։

Ադրբեջանը սպաում է, թե ով ավելի շատ բան կառաջարկի՝ այդպիսով խթանելով մրցակցությունը։ Միևնույն ժամանակ, հայկական կողմն իր «քարացած մոտեցումով» հայեցակարգի բացակայություն է ցուցադրում։

Ո՛չ Մոսկվան, ո՛չ Վաշինգտոնը չեն հասկանում Հայաստանի դիրքորոշումը, ինչ է նա ուզում, և որն է այն «կարմիր գիծը», որից այն կողմ զիջումների հարցում Երևանն անցնել մտադիր չէ։

Սա տանում է նրան, որ բանակցային գործընթացում Հայաստանը կորցնում է իր առավելությունը։ Այս գործընթացի շարունակությունը համանախագահների համար կհավասարեցնի Երևանն ու Բաքուն, թեև նախկինում նախևառաջ զիջումներ էին սպասում Ադրբեջանի կողմից։

Այսպիսով, նրա խոսքով, իրավիճակը փոխել է պետք, այլապես Հայաստանի իշխանությունների անփորձ լինելը լուրջ վտանգների կարող է հանգեցնել։