ՏՏ համաշխարհային կոնգրեսը կկայանա Երևանում. Մհեր Գրիգորյան

Երևանում կայանալիք համագումարին իրենց մասնակցությունն արդեն հաստատել են այնպիսի առաջատար ընկերությունների ղեկավարները, ինչպիսիք են Google–ը, Amazon–ը, Facebook–ը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի — Sputnik. Երևանում հոկտեմբերի 6-9–ը տեղի կունենա Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համագումարը։ Այդ մասին, ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, ուրբաթ ասել է Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Հայաստանի փոխվարչապետն Ալմաթիում մասնակցում է «Թվային օրակարգ 2.0.Եվրասիայի ինովացիոն էկոհամակարգը» համաժողովին։

ՏՏ ոլորտը Հայաստանում վերջին 7 տարիների ընթացքում աճել է 5 անգամ. Փաշինյանը` Քյոլնում

«Օգտվելով առիթից` կցանկանայի ցանկացողներին հրավիրել մասնակցելու լուրջ միջոցառման. Երևանում հոկտեմբերի 6-9–ը տեղի կունենա Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրես», – ասել է Գրիգորյանը։

Նա հավելել է, որ համագումարին իր մասնակցությունն արդեն հաստատել են այնպիսի առաջատար ընկերությունների ղեկավարները, ինչպիսիք են Google–ը, Amazon–ը, Facebook–ը։

Հայաստանի փոխվարչապետը վստահ է, որ այդ համագումարը «հետաքրքիր հարթակ կդառնա կարծիքների փոխանակման համար» թվային տեխնոլոգիաների զարգացման ոլորտում։

Նշենք, որ «Թվային օրակարգը գլոբալիզացիայի դարաշրջանում» ամենամյա համաժողովն անցկացվում է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի նախաձեռնությամբ։

Համաժողովի հիմնական նպատակն է համատեղ միջոցներ մշակել ԵԱՏՄ երկրների թվային տնտեսությունների զարգացումն արագացնելու և դրանց մրցունակությունը բարձրացնելու համար։